Ականատեսը պատմել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած հրաձգության մասին

«Ես մզկիթից ողջ դուրս եկած վերջին մարդն էի»

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողության ականատեսներից Ռամզան Ալին NZ Herald պարբերականին պատմել է, թե ինչպես է փրկվել հրաձգությունից:

«Ես տեսա, թե ինչպես են մարդիկ վազում դեպի դռները: Նա ներս մտավ գլխավոր մուտքից, իսկ մզկիթի երկու կողմում ևս երկու դուռ կար: Ես մզկիթից ողջ դուրս եկած վերջին մարդն էի: Երբ շուրջս նայեցի, դռների երկու կողմում սպանված մարդիկ էին ընկած»,- պատմել է ականատեսը:

Ալիի խոսքով՝ հրաձգության պահին Դինս պողոտայում գտնվող մզկիթում շուրջ 300 մարդ է եղել: Տղամարդը դուրս է եկել պատուհանից և փրկվել հրազենի կրակոցներից:

Ականատեսը պատմել է նաև, որ հարձակում կատարած անձը մի քանի անգամ դադարեցրել է հրաձգությունը, որպեսզի լիցքավորի ինքնաձիգը: 

Հայտնի է, որ մզկիթներից մեկում կրակ բացած անձը 28-ամյա Բրենթոն Տարանտն է, որն իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է հրաձգությունը: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է Բրենթոնին, վաղը նա կկանգնի դատարանի առաջ:

Հրաձգությունների հետևանքով 49 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: