Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, հայտնում է CNN-ը։
Զիջումները առաջին հերթին վերաբերելու են տարածքային խնդիրներին և, հնարավոր է, ուժի կիրառումից հրաժարվելուն, ասել է Քելոգը Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկման ժամանակ:
Ըստ ամերիկացի դիվանագետի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի պատրաստվում կրճատել իր զինված ուժերը», սակայն Միացյալ Նահանգները հույս ունի նրան «հարկադրել» այնպիսի գործողություններ, որոնք նրան «տհաճ կլինեն»։ Քելոգն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է դա անել՝ կործանելով Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ Ռուսաստանի նորաստեղծ դաշինքները, որոնք գոյություն չունեին ընդամենը մի քանի տարի առաջ:
Քելոգը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Պուտինի նավթային եկամուտների վրա՝ խստացնելով պատժամիջոցները: Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի ներկայիս ջանքերը գնահատել է 10-ից 3 միավոր:
«Ի՞նչն է մղում Ռուսաստանին։ Իրականում դա նավթապետություն է։ Այս պատերազմի ֆինանսավորման համար ստացվող եկամտի յոթանասուն տոկոսը նավթից և գազից է գալիս: Դրա մեծ մասը ստացվում է ստվերային նավատորմի միջոցով»,- ասել է Քելոգը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է սկսի պատժամիջոցներ կիրառել, որոնք կկոտրեն Մոսկվայի «տնտեսական թիկունքը»։
«Եթե կարծում եք, որ կկարողանաք պրծնել այս ամենից, սխալվում եք, քանի որ դուք պատմության վատ պատկերացում ունեք», - ասել է Քելոգը՝ պնդելով, որ Ռուսաստանն ակնհայտորեն «պատրաստ էր կորցնել» մեծ թվով զինվորներ Ստալինգրադի ճակատամարտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև պատրաստ է «հարյուր հազարավոր զինվորներ զոհաբերել Ուկրաինայի պատերազմում»։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն իրենց ռուսաստանցի գործընկերների հետ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու համար, ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթավերջին անվտանգության համաժողովի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպային ԱՄՆ-ի աջակցության մակարդակի, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ։
0Comments