Մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով մոտավորապես 130-140 միլիոն դոլարի ներդրում ենք արել մի տարվա ընթացքում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության մեր նախորդ տարիների ցուցանիշները, պլյուս-մինուս, էլի այդպիսին են եղել: Կարող ենք ասել, որ այս ներդրումներն արվում են առաջին հերթին կառավարության կողմից, իհարկե նաև համայնքների կողմից, բայց եկեք չմոռանանք նաև, որ համայնքների բյուջեների մի զգալի մասը նույնպես ձևավորվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով: Երկար ժամանակ մենք խոսել ենք տարածքային համաչափ զարգացման մասին և սա այն ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում։
Կրկին ուզում եմ հիշեցնել մեր բոլոր համայնքների հարգելի ղեկավարներին, որ ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ մենք կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ և այն սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի առանց բացառության»,- ասաց նա:
Փաշինյանը չբացառեց, որ կլինեն համայնքներ, որոնք կհրաժարվեն դա իրականացնել:
«Այն համայնքները, ովքեր չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն, այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթությունը։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առնվազն համայնքների ղեկավարների մեծամասնությունը այդ ճանապարհով կգնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին:
0Comments