Նախատեսվում է էականորեն ավելացնել հարկային եկամուտները․ Տիգրան Խաչատրյան

Մանրամասներ

Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ։Ինչպես 2022 թվականի, այնպես էլ 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն։

ԱԺ-ում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

« Առաջին հերթին դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես և Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ։

«Մենք 2026 թվականին՝ Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, պետք է հասնենք հարկերը համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- ասաց նախարարը։