Մակրոնը Ֆրանսուա Բայրուին վարչապետ է նշանակել

Մանրամասներ
ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է փորձառու քաղաքական գործիչ, բազմաթիվ պատմական գրքերի հեղինակ Ֆրանսուա Բայրուին։ Բայրուն Մակրոնի կողմնակից է և կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ:

Մակրոնը նոր վարչապետի նշանակման մասին հայտարարել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո։ Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը կողմ քվեարկեց Միշել Բարնիեի նախկին կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին, և այն ստիպված եղավ հրաժարական տալ երեք ամսից քիչ աշխատելուց հետո։

Անհասկանալի է, թե արդյոք նոր վարչապետը կկարողանա՞ շահել պատգամավորների վստահությունը։ Ամռանը արտահերթ ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն չստացավ հստակ մեծամասնություն:

Նոր վարչապետի առաջնահերթությունը կլինի խորապես պառակտված Ազգային ժողովի կողմից 2025 թվականի բյուջեի հաստատումը:

Ըստ ֆրանսիական մամուլի՝ նոր կառավարության համար չափազանց դժվար կլինի հավասարակշռել աջերին ու ձախերին, եւ փաստ չէ, որ նման պայմաններում նա կկարողանա երկար մնալ ջրի երեսին։

Բարնիեի կառավարությունը գոյատևեց այնքան ժամանակ, քանի դեռ Ազգային ժողովի երրորդ ամենամեծ աջակողմյան դաշինքը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, պատրաստ էր ձեռնպահ քվեարկել անվստահություն հայտնելու ժամանակ: Երբ Լը Պենը փոխեց իր դիրքորոշումը, նրա համախոհների և ձախ դաշինքի ձայները միասին վերցրած ավելի քան բավարար էին կառավարությունը փլուզելու համար։