Առանց երկրպագուների աջակցության հնարավոր չէ հաղթել «Աթլետիկոյին»

Մենք մտադիր ենք կատարել մեր աշխատանքը խաղադաշտում

Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարեւորել է երկրպագուների աջակցությունը։

«Պահպանենք լավատեսություն եւ հավատանք։ Այո, ամեն ինչ հնարավոր է։ Բայց մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը, որպեսզի ստեղծենք հրաշալի մթնոլորտ, երբ բոլորը միասին են։

Մենք մտադիր ենք կատարել մեր աշխատանքը խաղադաշտում, գոլեր խփել եւ հաղթել, ինչը հնարավոր չէ առանց երկրպագուների աջակցության»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մադրիդում «Յուվենտուսը» պարտվել է 0։2 հաշվով։ Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 12-ին։