Քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու համար կառավարության որոշման դեմ՝ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վերաբերյալ, գրում է «Новости-Грузия»-ն։
Հանրահավաքի պաշտոնական մեկնարկը նշանակված է 19:00-ին։ Նրանք, ովքեր որոշում են շուտ գալ, դիմակ են օգտագործում։ Ռուսթավելիում դեռ զգացվում է արցունքաբեր գազի հոտը, որը կիրառվեց նախորդ օրը ցուցարարներին ցրելու համար։
Խորհրդարանի մոտ ակցիային կմիանան ուսանողները. Նրանք երթ կանցկացնեն իրենց բուհերից։ Թբիլիսիի երեք համալսարաններ՝ Վրաստանի համալսարանը, Կովկասի համալսարանը և Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարանը, այսօր ավելի վաղ հայտարարեցին ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին՝ ի նշան իշխանությունների որոշման բողոքի։
18:00-ին նաև Թբիլիսիի Հանրապետության հրապարակում կհավաքվեն լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ նախորդ օրը հատուկ նշանակության ջոկատների գործողություններից տուժած ավելի քան 20 լրագրողներին համերաշխություն հայտնելու համար։
Այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Զուգդիդիում, Գորիում, Բաթումում, Լագոդեխիում և Քութայիսիում։
0Comments