Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Բեյրութի հարավային արվարձանի Հադաթ և Շուվայֆաթ շրջանների բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել մի քանի շենքերից, քանի որ այնտեղ, իբր, տեղակայված են շիական «Հզբոլլահ» շարժման օբյեկտները:
Անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանի մի քանի շրջանների, իսկ շաբաթ առավոտյան` Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնի ուղղությամբ: Առողջապահության նախարարության տվյալներով` Բեյրութի կենտրոնի վրա հարձակման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 23-ը վիրավոր են։
«Հարավային արվարձանի բոլոր բնակիչներին` մասնավորապես նրանց, ովքեր գտնվում են կից քարտեզներում նշված և դրանց հարակից տներում և գտնվում են Հադաթ, Շուվայֆաթ-Ամրուսիա թաղամասերում: Դուք մոտ եք «Հզբոլլահի»... օբյեկտներին... Հանուն ձեր և ձեր սիրելիների անվտանգության դուք պարտավոր եք անհապաղ տարհանվել այդ շենքերից... և գտնվել դրանցից առնվազն 500 մետր հեռավորության վրա»,-X սոցիալական ցանցում հայտնել է ՑԱԽԱԼ-ի արաբալեզու ներկայացուցիչ Ավիհայ Ադրաին։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
0Comments