Իրանը մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները «վճռական և ցավալի» պատասխան կտա Իսրայելին. CNN

Մանրամասներ
իրան

Իրանը մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը «վճռական և ցավալի» պատասխան կտա Իսրայելին՝ կապված հոկտեմբերի 25-ի գիշերը Իրանի ռազմական թիրախներին հարվածելու հետ, CNN-ին ասել է բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է Թերթը:

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային կլինի վճռական և ցավոտ»,- ասել է աղբյուրը, որը ծանոթ է Իրանում այս հարցի շուրջ ընթացող քննարկումներին։

Թեև աղբյուրը հարձակման հստակ օր չի նշել, սակայն ասել է, որ այն տեղի կունենա նախքան նոյեմբերի 5-ը: 

Մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չպետք է պատասխանի Իսրայելի անցած շաբաթվա հարվածներին: Այս մասին CNN-ին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը:

«Իրանը չպետք է պատասխանի Իսրայելի պատասխան գործողություններին: Եթե Իրանը որոշի պատասխանել, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պատրաստ կլինի աջակցել Իսրայելին նրա պաշտպանության հարցում», - ասել է խոսնակը:

Իսրայելը հոկտեմբերի 25-ի գիշերը հարվածել է Իրանի ռազմական թիրախներին: Դրանից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Իրանը շուրջ 200 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ սրանով Իրան-Իսրայել փոխադարձ հարվածները պետք է դադարեն: