Մարդիկ, որոնք ժամանակին տեսակետ են հայտնել, թող բարի լինեն դա մինչև վերջ առաջ տանեն. Դանիելյանը՝ Միքայել Սրբազանի մասին

Մանրամասներ
Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի գնալու Մյուռոնօրհնության արարողությանը։  Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Այն մարդիկ, որոնք եկեղեցու դեմ արշավ են սկսել, որոնք հենց գալու օրվանից ասում են՝ Նոր Հայաստան, նոր հայրապետ», այդ մարդիկ այդտեղ չպետք է լինեն՝ անկախ նրանից ես կգնամ, մեր պատգամավորներից որեւէ մեկը կգնա, թե չի գնա»,-ասաց նա:

Անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հայտարարությանը, թե եկեղեցին չի էլ աջակցել սրբազան շարժմանը, Դանիելյանն ասաց. «Այն թեզը, թե եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում, ճիշտ չէ: Եթե Եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա ի՞նչ է: Դա արդեն քաղաքականության մեջ լինել է նշանակում: Դա նորմալ է: մարդիկ եկել, միացել են, դա աջակցություն է, թե ոչ: Ես կարծում եմ՝ աջակցություն է:

Ամբողջ քաղաքական դաշտը խորը բուժման կարիք ունի: Եթե մենք ասում ենք, որ երկիրը կործանվում է, դրան համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն: Հաջողության գրավականն էլ հենց դա է, որ ամեն մեկը, ինչ ասում է, դրա տերը լինի»:

Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի մեկ այլ հայտարարության, թե իշխանափոխության հնարավորություն այս պահին չկա, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք ասում ենք, որ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող, հակապետական, հակաեկեղեցական իշխանություն է, հետո ասում ենք՝ շանս չկա իշխանափոխությա՞ն: Սա ազգային-ազատագրական պայքար է, որի մեջ բոլորը պետք է իրենց մասնակցություն ունենան»:

Հարցին՝ հիասթափվա՞ծ է Միքայել Սրբազանից, Դանիելյանն արձագանքեց. Բոլոր այն մարդկանց, որոնք ժամանակին տեսակետ, կարծիք են հայտնել, խնդրում եմ՝ բարի լինեն այդ կարծիքն ու տեսակետը մինչեւ վերջ առաջ տանեն»: