Արցախյան 44-օրյայի վերաբերյալ ֆիլմը չի ներկայացվի «Օսկար»-ի, Կինոակադեմիայի ընդհանուր որոշումն է եղել

Մանրամասներ
արցախ

Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել էր Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ֆիլմերի նախնական ընտրություն «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» կատեգորիայում։

Թույլատրվում է ներկայացնել նաև վավերագրական և անիմացիոն ֆիլմերի հայտեր։

Օսկարի ներկայացված է եղել 4 ֆիլմ՝ «Մեդալի հակառակ կողմը», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «1489», «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից»:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում դժգոհությունների ալիք է բարձրացել, որ «Օսկար» մրցանակաբաշխություն չի ուղարկվում «1489»-ը ֆիլմը:

Արցախյան 44-օրյա պատերազմին ֆիլմի հեղինակ Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած դաշնակահար եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում: Ֆիլմն Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների:

Tert.am-ը Հայկական ազգային կինոակադեմիայից փորձեց հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել՝ որ ֆիլմը ներկայացվի «Օսկարի» և արդյոք տեղյակ են քննադատություններից:

Կինոակադեմիայի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց, իսկ Կինոակադեմիայի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, երաժիշտ Միքայել Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմի ընտրությունը կոլեկտիվ որոշում է եղել:

«Հայկական ազգային կինոակադեմիայի ընդհանուր որոշումն է եղել, «1489» ֆիլմը բավարար ձայն չի հավաքել «Օսկար» մրցանականաբաշխությանը մասնակցելու համար»,- ասաց Պողոսյանը:

Ֆիլմի հեղինակ Շողակաթ Վարդանյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի, այն մասին, որ Հայկական ազգային կինոակադեմիան իր ֆիլմը չի ընրտել՝ ներկայացնելու «Օսկարին»:

Վերջինս նշեց, որ իրենց ներքին խոհանոցից տեղյակ չէ, միայն կարող է ասել, որ դիմելու ժամկետները պահելով դիմել և ուղարկել է ֆիլմը:

«Անձնական տեսանկյունից կամ հենց ֆիլմի համար դրանից ոչինչ չի փոխվում: «1489»-ը շարունակում է ճամփորդել աշխարհում ու պատմել: Բայց այլ հարցեր են բարձացնում մեր որոշումները:

Ինձ համար կարևոր է ազգային, հայրենիքի ու պետության, հանրային շահերը ու չեմ ընդունում միայն անձնական շահը գերադասողներին: Սա նաև ցույց եմ տվել 2021 թվին վարչապետի մրցանակից բեմից հրաժարվելով, որը, բնականաբար, չլուսաբանվեց: Ես դա արեցի բոլոր ծնողների համար, որոնք զավակ են կորցրել պատերազմում»,- ասաց նա: