Լիբանանյան «Հեզբոլլահ»-ն Իսրայելի հյուսիսային շրջանների վրա է արձակել 140 հրթիռ այն բանից հետո, երբ խմբավորման ղեկավար Հասան Նասրալլահը խոստացել էր պատասխանել Իսրայելին փեյջերների և ռացիաների զանգվածային պայթյունների համար։ Այս մասին, 168.am-ի փոխանցմամբ, հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկու կողմերին։Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռներն արձակվել են սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո, երեք ալիքով՝ թիրախավորելով Լիբանանի հետ սահմանին գտնվող մի շարք օբյեկտներ։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտնել է, որ «Կատյուշա» հրթիռներով թիրախավորել է սահմանամերձ մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ռազմակայաններ, ինչպես նաև Իսրայելի զրահային բրիգադի շտաբը։Ըստ «Հեզբոլլահ»-ի՝ հրթիռներն արձակվել են Լիբանանի հարավում գյուղերին և մարդկանց տներին իսրայելական հարվածերին ի պատասխան։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում 2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության մեկնարկից ի վեր։ Սակայն նման զանգվածային հարձակում հազվադեպ է լինում։ Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որի հետևանքով զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3500-ը, տարածաշրջանում «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի բռնկման մտավախությունները մեծացել են։
Իսրայելն ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն ըստ տարբեր հրատարակությունների աղբյուրների՝ դրանց հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։
Սեպտեմբերի 19-ի երեկոյան Իսրայելն էր հարվածել Լիբանանի հարավին։
0Comments