«Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի». Հայկ Խալաթյան

Մանրամասներ
Հայկ Խալաթյան

Վերջին օրերին շատ քննարկվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Առաջարկին շտապեց դրական արձագանքել պաշտոնական Բաքուն, իսկ պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա:

«VERELQ» վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ՌԴ հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում, Ռուսաստանը միշտ է նշել, որ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին: Բաքվի արագ արձագանքն էլ պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանը միշտ է նշում՝ իր համար տարբերություն չկա՝ որտեղ կբանակցի Հայաստանի հետ, իսկ իրականում Ադրբեջանի գլխավոր նպատակն է՝ Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդների:

«Ադրբեջանի գլխավոր նպատակն է՝ բանակցությունները Հայաստանի հետ տանել երկկողմանի ֆորմատ՝ վստահ լինելով, որ այդ ֆորմատում նա կկարողանա ավելի էֆեկտիվ ճնշում գործադրել Հայաստանի վրա և ստանալ զիջումներ հայկական կողմից: Ադրբեջանը նաև չի ցանկանում որևէ միջնորդի մոտ պարտավորություն վերցնել: Բաքվի հայտարարությունն ավելի շատ փորձ է սիրաշահել Ռուսաստանին, բայց իրականում Բաքուն շահագրգռված չէ բանակցությունները տանել ռուսական հարթակ կամ նույնիսկ արևմտյան, որովհետև նա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր, հիմա էլ շարունակելու է հայկական կողմին պարտադրել երկկողմանի ֆորմատ»,- 168.am-ի հետ զրույցում ընդգծեց Հայկ Խալաթյանը:

Այս հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ և Հայաստանին սպառնում նոր պատերազմով՝ ընդգծելով, որ կիրառելու է ողջ զինանոցը: Հայաստանի ԱԳՆ-ն անհասկանալի է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, և, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ այդ հայտարարությունները վկայում են մի բանի մասին՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի. «Հավանական է, որ դա տեղի կունենա COP 29-ից հետո՝ կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ մյուս տարվա սկիզբ: Իսկ ներկայիս փուլում տեղեկատվական աշխատանք է տարվում միջազգային հանրության հետ, որպեսզի նախապատրաստեն նոր էսկալացիայի փուլը՝ ցույց տալով, որ իբր դա պատասխան գործողություն է Ադրբեջանի կողմից, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա դեզինֆորմացիա է: Այլ հարց է, որ ներկայումս նաև ՀՀ իշխանությունների քաղաքականության պատճառով պատրաստ չեն արձագանքել Բաքվի այսպիսի քայլերին, և Բաքուն դրանից օգտվում է:

Ներկա փուլում Բաքուն շատ ակտիվ աշխատում է Մոսկվայի և Թեհրանի հետ՝ համոզելու, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը վտանգ է ներկայացնում իրենց շահերին տարածաշրջանում, այդ սերտ համագործակցությունն Արևմուտքի հետ, Արևմուտքին ներգրավելը տարածաշրջանային գործընթացներում, հասկանալով, որ թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը դրան շատ բացասական են վերաբերվում, որպեսզի երբ նա կտրուկ քայլերի գնա Հայաստանի նկատմամբ, ո՛չ Մոսկվան, ո՛չ Թեհրանը որևէ կերպ չխոչընդոտեն: Ցավոք, Հայաստանի իշխանությունների քաղաքականության շնորհիվ Բաքուն հաջողություններ է գրանցում այդ ճանապարհին»:

Հարցին՝ հայկական շահերի տեսանկյունից ո՞ր հարթակում է ավելի ճիշտ բանակցելը՝ ռուսակա՞ն, թե՞ արևմտյան, նա պատասխանեց.

«Վերջին երկու տարին բանակցություններն ընթանում են արևմտյան հարթակում, Հայաստանն ինչի՞ է հասել: Պրահայում ՀՀ իշխանություններն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեցին՝ իբր Ալմա Աթայի հռչակագրով ստանալով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում՝ Բաքվի կողմից, հետո տեսանք, որ դա տեղի չունեցավ: Ադրբեջանը գրավեց Արցախը, որևէ մեկը չմիջամտեց. ռուսական կողմը չմիջամտեց, որովհետև գտնում էր, որ Արևմուտքի միջնորդությամբ է եղել, Արևմուտքն էլ իր պարտավորությունները չկատարեց: Հիմա նույն դելիմիտացիայի գործընթացն սկսելով, երբ Հայաստանը տարածքներ հանձնեց Ադրբեջանին, տեսանք, որ ՀՀ իշխանությունները փորձեցին երկրորդ անգամ վաճառել Հայաստանի հասարակության վրա Ալմա Աթայի հռչակագիրը, բայց նույնիսկ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, միևնույն է՝ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույն ՀՀ իշխանությունները խոսում են Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին, և մենք տեսնում ենք, որ Արևմուտքը, որը շատ լուրջ լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա, հատկապես տնտեսական ոլորտում, որևէ կտրուկ քայլի չի գնում Ադրբեջանի նկատմամբ: Եթե Արևմտյան հարթակն իրեն չարդարացրեց, միգուցե ավելի նպատակահարմար է վերադառնալ այլ միջնորդների, որոնց շահերից չի բխում, օրինակ, հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը տարածաշրջանում:

Արևմուտքի համար, եթե դա բերի ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելուն, նորմալ է, ինչը մենք տեսանք Արցախում: Հիշում ենք՝ ինչ հայտարարություններ էին հնչում հավաքական Արևմուտքից, բայց որևէ լուրջ քայլ չձեռնարկվեց, որովհետև դա բերեց նրան, որ ռուս խաղաղապահները դուրս եկան տարածաշրջանից: Հիմա, եթե Հայաստանը խնդիրներ ունենա, բայց դրանց արդյունքում Ռուսաստանը ռազմաբազան դուրս բերի, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, և այլն, դա ամբողջությամբ կբավարարի Արևմուտքին, առավել ևս, որ Հայաստանի իշխանություններն էլ են դրան համաձայն, այնպես չէ, որ նրանք որևէ այլընտրանքային քաղաքականություն են վարում»: