Նիկոլ Փաշինյանը դստեր եւ տիկնոջ հետ ներկա կգտնվի Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին

Մանրամասներ
4

Հանդիպում ունեցա ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ում հրավերով ներկա կգտնվենք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ լուսանկար հրապարակել:

Կառավարությունից էլ հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: 

Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի եւ հավելել, որ ակնկալվում է նաեւ ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:

Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը եւս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձեւի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:

Մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ:

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը Tiktok-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երեւում է, որ ոչ կառավարական ինքնաթիով ինչ-որ տեղ է մեկնում: Նա տիկնոջ եւ դստեր հետ էր: