Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենքը. Իրանի նախագահը կոչով դիմել է ԱՄՆ-ին

Մանրամասներ
Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Tehran Times-ում հրապարակած` «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերտառությամբ հոդվածում հերքել է ԱՄՆ-ի և դաշնակիցների այն մեղադրանքները, թե Իրանի միջուկային ծրագիրը միտված է միջուկային զենքի ստեղծմանը։

Իրանի նախագահը ԱՄՆ-ին կոչ է արել սեփական քաղաքականությունը մշակելիս նկատի ունենալ այդ հանգամանքը։

«Կցանկանայի ընդգծել, որ Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենքը։ Միացյալ Նահանգներին կոչ եմ անում դասեր քաղել անցյալի սխալներից և համապատասխան կերպով խմբագրել սեփական քաղաքականությունը»,- նշել է Մասուդ Փեզեշքիանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հենց Միացյալ Նահանգներն են դուրս եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (JCPOA) և սահմանել արտատարածքային միակողմանի պատժամիջոցներ, որոնք, Մասուդ Փեզեշքիանի գնահատմամբ, հարյուր միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը։

«Միացյալ Նահանգները պետք է ընդունի իրականությունը և մեկընդմիշտ հասկանա, որ Իրանը չի արձագանքում և չի պատասխանելու ճնշումներին»,- ընդգծել է Փեզեշքիանը։