Կա՞ սեքս 50-ից հետո

Մանրամասներ
4

Մերիլ Սթրիփի մասնակցությամբ մի հրաշալի ֆիլմ կա՝ «Գարնանային հույսեր» (Hope Springs), որում 30 տարի միասին ապրած ամուսնական զույգը փորձում է վերականգնել նախկինում ունեցած մտերիմ հարաբերություններն ու միմյանց հանդեպ կիրքը։ Երբ հերթական ընտանեկան խորհրդատվության ժամանակ ամուսինը լսում է հոգեբանից, որ հաջորդ քայլը լինելու է սեքսով զբաղվելը, պատասխանում է՝ «Դա մարազմ է. մենք արդեն 22 տարեկան չենք»։

Վստահ եմ՝ ֆիլմային այս զույգին կարելի է նաեւ իրական կյանքում հանդիպել։ Այս անգամ պատմելու ենք, թե ինչպես չհրաժարվել սեռական կյանքից 50-ից հետո եւ շարունակել հետաքրքիր մնալ ինքներդ ձեզ եւ զուգընկերոջ համար։ Իսկ ամենաարդիական հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք հարաբերությունների հոգեբան, սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանի հետ։  

1հարաբերությունների հոգեբան, սեքսոլոգ Քրիստինե Ասլանյան

Ինչու է մեծ տարիքում մարում սեռական ցանկությունը

Թեեւ Ջոն Գրեյն ասում էր, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, բայց կյանքի տարիները հավասարապես ազդում են երկու սեռերի վրա էլ, իսկ 50-ին մոտ արդեն անցյալում է մնում ամենաբարձր սեռական ակտիվության շրջանը, որը տղամարդկանց դեպքում 19-25-ն է, իսկ կանանց դեպքում՝ 35-40-ը։ Ստացվում է՝ բնությունն ինքն է ստեղծում մեխանիզմներ, որոնք նվազեցնում են սեռական ցանկությունը։

«Բնությունը տվել է մեզ սեռական ցանկությունը բազմանալու համար։ Եթե մենք արդեն կատարել ենք այդ գործառույթը, ապա սեռական ցանկությունն էլ կորցնում է իմաստը, եթե հարցը դիտարկենք բնության տեսանկյունից։ Սակայն մենք նաեւ սոցիալական էակներ ենք, ապրում ենք՝ մեր ինքնագնահատականը աճեցնելով, ունենք ինտելեկտ, որը մեզ ասում է՝ դու պետք է քեզ լավ զգաս։ Հոգեբանական սեքսոլոգիայի տեսանկյունից էլ մենք կարեւորում ենք անձի երջանկությունը եւ բարձր ինքնագնահատականը, ինչը նպաստում է նաեւ բարձր սեռական ինքնագնահատականին»,- նշում  է հարաբերությունների հոգեբան, սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանը։

Այսպիսով՝ մի կողմից բնությունը, մյուս կողմից էլ մեր օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները անմիջականորեն ազդում են սեռական կյանքի վրա։
«Ժամանակի ընթացքում տղամարդկանց օրգանիզմում սկսում է նվազել տեստոստերոնի մակարդակը։ Բացի այդ, մեծամասնությունը 50-ին մոտ արդեն սկսում է չհետեւել իրեն, ավելորդ քաշ հավաքել, ձեռք է բերում խրոնիկական հիվանդություններ, սրտանոթային համակարգի խնդիրներ եւ այլն։ Այս ամենն անմիջականորեն ազդում է սեռական ցանկության անկման վրա»,- պատմում է մեր զրուցակիցը։

Իսկ կանանց դեպքում սեռական ցանկությունը ցիկլային է եւ առավելապես կախված է հոգեբանական վիճակից, ինչպես նաեւ ֆիզիոլոգիական մի շարք գործոններից՝ մենստրուացիա, հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրման շրջան եւ դաշտանադադար։

Իհարկե, այս ամենին կարող են գումարվել առողջ ապրելակերպ չվարելու հետեւանքով առաջացած մի շարք խնդիրները տարատեսակ հիվանդությունների, էներգիայի պակասի եւ ճարպակալման տեսքով։

«Միջին վիճակագրական կնոջ դեպքում հիսուն տարեկանը համարվում է մենոպաուզայի տարիք։ Այդ ընթացքում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ եւ սեռական ցանկությունը սկսում է նվազել: Բայց սա ունի նաեւ դրական կողմ. անցանկալի հղիության վախի բացակայության պարագայում զույգը շատ ավելի համարձակ է դառնում»,- նշում է Ասլանյանը։

Հարցի հոգեբանական կողմը

Տարիքի հետ տեղի ունեցող փոփոխություններն, իհարկե, փոխում են ոչ միայն մեր ֆիզիոլոգիական, այլ նաեւ հոգեբանական առողջության պատկերը։ «Մեծ տարիքում կյանքի ամենօրյա զբաղված ռիթմը կանգ է առնում։ Զույգը կարծես մենակ է մնում անձնական խնդիրների եւ ներքին կոնֆլիկտների հետ, ուստի հաճախ կինն ու տղամարդը սկսում են միմյանց չհասկանալ ու մեղադրել։ Հիմնական խնդիրը, որոնց բախվում են կանայք այդ տարիքում, սեփական մարմինը չսիրելն է․ փոխվում է մաշկը, քաշը, իսկ կնճիռներն ավելի ակնհայտ են դառնում։ Բացի այդ, տղամարդը կարող է դադարել դիտարկել կնոջը որպես սեռականության օբյեկտ։ Այս ամենն առաջացնում է ինքնագնահատականի անկում, ինչն էլ բացասաբար է ազդում սեռական կյանքի որակի վրա»,- հավելում է սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանը։

Սակայն 50-ը փորձաշրջան է նաեւ տղամարդկանց ինքնագնահատականի համար, որը նրանք երբեմն փորձում են կոմպենսացնել՝ ավելի երիտասարդ տարիքի զուգընկերուհի գտնելով։

«Հայ տղամարդկանցից հաճախ կարելի է լսել, որ 50-ից հետո կինը դառնում է քույրը։ Հետեւապես իրենք այդ տարիքում ձեռք են բերում բոլոր խաղաքարտերը դավաճանելու համար։ Մեզ մոտ ընդունված է, որ տարիքով տղամարդը կարող է գտնել երիտասարդ սիրուհի, միեւնույն ժամանակ՝ տարիքով կինը չի կարող գտնել երիտասարդ սիրեկան»,-մեկնաբանում է մեր զրուցակիցը։

Այսպիսով, ստացվում է, որ եղած օբյեկտիվ խնդիրներին՝ մենոպաուզա, հորմոնալ փոփոխություններ, քաշի ավելացում, ինքնագնահատականի անկում եւ այլն, գումարվում են նաեւ սոցիալ-մշակութային գործոնները եւ սկսում պայմանավորել մեր վարքը։ Սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանը նշում է, որ կան խորքային մի շարք համոզմունքներ, որոնք մեծապես ազդում են մեզ վրա, այսպես, օրինակ՝ երբ արդեն տատիկ ես կամ պապիկ, ապա սեռական կյանք ունենալը դառնում է ամոթալի․«Մենք ծնվելիս կարծես կոդավորված լինենք, որ երբ տատիկ ես դառնում, կյանքդ պետք է նվիրես թոռներին, հենց այդ պատճառով շատ կանայք, որոնց երեխաները 25-ն անց են, երազում են թոռներ ունենալու մասին։ Այդ տարիքի ճգնաժամի մասին խոսելիս նկատի ունենք հենց այն, որ անձնային առանձնահատկությունները դրվում են մի կողմ, եւ ստացվում է, որ քո միակ պահանջմունքը թոռների մասին հոգ տանելն է։ Հետեւապես դժվար է ասել՝  կինը մենոպաուզայից հետո կարողանո՞ւմ է դուրս գալ ճգնաժամից եւ շարունակել անձնային աճը, թե՞ պարզապես հարմարվում է իրավիճակին»։

Ինչպես պահպանել ներդաշնակ սեռական կյանքը մեծ հասակում

Ֆիզիոլոգիական եւ հոգեբանական խնդիրների առանձնացումից հետո առաջանում է տրամաբանական հարց՝ ինչ պետք է անի զույգը՝ բարձր տարիքում ներդաշնակ սեռական կյանք ունենալու համար։ Մեր զրույցի արդյունքում առանձնացրել ենք կարեւոր մի քանի կետ, որոնք կօգնեն այդ հարցում։

Սնվե՛ք առողջ եւ զբաղվե՛ք սպորտով

Առողջ ապրելակերպն անգնահատելի նշանակություն ունի մեծ հասակում առաջացող առողջական խնդիրները հաղթահարելու եւ սեռական կյանքը բարելավելու գործում։

«Եթե դիտարկենք երիտասարդ տղայի, որն իրեն չի հետեւում, ունի ճարպակալում, ցածր ինքնագնահատական, ապա նա կարող է ավելի քիչ սեռական ցանկություն ունենալ, քան 60  տարեկան այն տղամարդը, որը զբաղվում է սպորտով, ընտրում է, թե ինչ ուտել, հետեւում է իր հոգեբանական առողջությանը»,-նշում է Քրիստինե Ասլանյանը։

Սպորտն ու առողջ սնունդն իրենց դրական ազդեցությունն ունեն նաեւ կանանց առողջության վրա, քանի որ նպաստում են մենոպաուզայով պայմանավորված ճգնաժամի հեշտ հաղթահարմանը եւ ինքդ քեզ սեքսուալ զգալուն։

«Առողջությանը հետեւելը եւ պարբերաբար բժշկի այցելելը սեփական անձի հանդեպ հոգատարության մասին է։ Որքան հետեւողական ենք այդ հարցում, այնքան ավելի քիչ հավանական է, որ սեռական կյանքում խնդիրներ կլինեն: Իսկ ցանկության անկումը դեռ չի նշանակում, որ ժամանակն անցել է։ Այն կարելի է հետ բերել տարաբնույթ տեխնիկաների, վարժությունների միջոցով, ինչպես նաեւ կարելի է օգտագործել լուբրիկանտներ ու օգնող այլ միջոցներ, տղամարդիկ էլ պետք է ավելի հաճախ այցելեն ուրոլոգի ու անդրոլոգի մոտ»,- առանձնացնում է մասնագետը։

Պատրաստ եղեք փոփոխությունների

Ինչպես մեզ հետ զրույցում դիպուկ նկատեց հարաբերությունների հոգեբան, սեքսոլոգ Ասլանյանը, հոգեբանական խնդիրների հիմնական մասն առաջանում է նրանից, որ մարդը պատրաստ չէ ծերանալ, բայց չէ՞ որ բնությունն էլ ծերանալու մասին է, մենք էլ բնության մի մասնիկն ենք։ Երբ սկսում ենք սա դիտարկել որպես բնական գործընթաց, ապա պատրաստ ենք լինում փոփոխություններին եւ դրանք ուսումնասիրելուն։ Պետք է հիշել, որ երկարատեւ ընտանեկան կյանքից, երեխաների եւ թոռների ծնվելուց հետո եւս մենք շարունակում ենք մնալ կին եւ տղամարդ։

«Առհասարակ 50-ից հետո զույգի համար սեքսը դադարում է լինել զուտ ֆիզիոլոգիական պրոցես եւ թույլ է տալիս բացահայտել թե՛ զուգընկերոջը, թե՛ ինքներս մեզ: 2020-ին Հարվարդի համալսարանի հետազոտողների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ 47-ից բարձր տարիքային խմբում հարցվածներն ավելի շատ են զգայական սեքսով զբաղվում. երկարում է նախերգանքը, շատանում են համբույրներն ու գրկախառնությունները»,-իր խոսքում նշում է մասնագետը։

Կարեւորեք սեփական անձը

Թվում է՝ երբ ունես կարիերա, ընտանիք, երեխաներ, կյանքը դադարում է առաջ շարժվել, բայց միգուցե սա առավել հետաքրքիր մի փուլ է, երբ դու այլեւս կյանքի խելահեղ ռիթմի մեջ չես եւ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել ինքդ քեզ։ Ասլանյանը նշում է, որ մեծ տարիքում մենք առավել գիտակցաբար ենք մոտենում նաեւ սեռական կյանքին, եւ քանի որ բացահայտումներն ինչ-որ իմաստով ավարտված են, ապա ընտրում ենք այն, ինչը դուր է գալիս հենց մեզ․ «Պետք է ճիշտ գնահատել կյանքի այդ փուլի հնարավորությունները եւ կենտրոնանալ սեփական անձի վրա, քանի որ կարիերան հաստատուն փուլում է, իսկ երեխաներն ավելի ինքնուրույն են, հետեւաբար, նվազում են ծախսերը։ Ցավոք, մեր հասարակությունում շատ քիչ մարդիկ են ապրում հենց այս մոտեցումով»։

Դիմեք մասնագետի օգնությանը

Սեքսոլոգ Ասլանյանը նշում է, որ զույգի փոխհարաբերություններում դժվարությունները ցիկլային են, եւ եթե ամուսինները կարողացել են հաղթահարել վաղ փուլերի ճգնաժամերը, ապա տարեց հասակում դա առավել հեշտ կլինի։ Քրիստինե Ասլանյանը նշում է, որ այդ գործում օգնում է մասնագետին դիմելը․ «Կարեւոր է գիտակցել, որ թե՛ կինը, թե՛ տղամարդը աջակցության կարիք ունեն, քանի որ եթե մինչեւ հիսունը մենք մեծանում ենք, ապա դրանից հետո ծերանում ենք։ Այդ փուլի բարդությունները հաղթահարելու համար խորհուրդ է տրվում անցնել մեդիացիայի միջով, երբ մասնագետը՝ որպես երրորդ կողմ, փորձում է կարգավորել խնդրահարույց իրավիճակը եւ պահել զույգի երկխոսությունը։ Սա նպաստում է փոխհարաբերությունների ամրապնդմանը, կամ էլ օգնում է հասկանալ, որ միգուցե իրար համար չեն ստեղծված»։

Սեքսն օգնում է առողջ եւ երիտասարդ մնալ

Սեռական կյանքը մեր հարաբերությունների հիմնային կողմերից է, որն օգնում է դրսեւորել զուգընկերոջ հանդեպ ունեցած մեր հոգեհուզական կապվածությունն՝ անկախ տարիքից։ Ինչպես նշում է մեր զրուցակիցը, կանոնավոր սեռական կյանքը հետաձգում է ծերացման գործընթացը, բարելավում է արյան շրջանառությունը, արագացնում նյութափոխանակությունը, մարզում մարմինը։ Բացի այս, այն բարձրացնում է ինքնագնահատականը, նպաստում է զույգի մտերմությանն ու դարձնում մեզ ավելի երջանիկ։ Ուրեմն՝ մի մոռացեք արթնացնել ձեր մարմինն ու ակտիվ պահել սեռական կյանքը 50-ից հետո, եւ ոչ միայն։

Սոնա Վարդանյան
BRAVO.am