Ակնհայտ է, որ աստիճանաբար Ռուսաստանի ազդեցությունը կրճատվում է տարածաշրջանում։ Այդ գործընթացը կշարունակվի, եթե Ռուսաստանը չձեռնարկի այնպիսի ռազմավարական քայլեր, որոնք կբերեն իր դերի և հեղինակության աճին, բայց դա երկարատև գործընթաց է, ուստի այս պահին խոսենք կարճաժամկետ և միջնաժամկետի մասին։
Ռուսական նահանջող ազդեցությունը լցվում է գլխավորապես թուրքական ռազմական, քաղաքական, տնտեսական և ֆինանսական ազդեցությամբ։ Սա վերաբերվում է ո'չ միայն Հարավային Կովկասին ընդհանրապես, այլեւ Հայաստանին մասնավորապես։
Գործող իշխանությունների քաղաքականության արդյունքում Թուրքիան դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի հիմնական ուժային կենտրոնը, որը ուղիղ ազդեցություն ունի հատկապես Հայաստանի ներքին գործընթացների վրա։
Այս ազդեցությունից ձերբազատվելու համար տարածաշրջանում կա մեկ գործող և շահագրգիռ ուժային կենտրոն, որը ցանկություն և կամք ունի ներգրավվել ռազմավարական հավասարակշռման գործընթացում։ Այո', դա Իրանն է, ուստի Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ Հայաստան - Իրան - Հնդկաստան եռանկյունու ձևավորումը, որը հնարավորություն կտար ռազմավարական հավասարկշռման և հետպատերազմյան ռազմավարական վերականգնման։ Սակայն ցավոք գործող իշխանությունները ըստ երևույթին ունեն կայացված ռազմավարական որոշում` ռուսական ազդեցության փոխարեն ընդունել թուրքական ազդեցությունը, ինչն իր հետ կբերի Հայաստանում օկուպացիոն դիկտատուրայի հաստատում, հայ ժողովրդի ազգային, բարոյական, մտավոր ներուժի ոչնչացում և սպիտակ ցեղասպանության միջոցով հայկական գործոնի ոչնչացում։
Իսկ հայ ժողովուրդը հիմա ունի միայն մեկ ճանապարհ` դիմանալ և դիմադրել։
Հայաստան-Իրան-Հնդկաստան եռանկյունու միջոցով ապահովել կարճաժամկետ անվտանգություն, ժամանակն օգտագործելով ռազմավարական հավասարկշռման ներքին ռեսուրսների կուտակմամբ։
Մենք կարող ենք, մենք ի զորու ենք, մենք պարտավոր ենք...
Արա Պողոսյան
0Comments