Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել են այդ երկրների վարչապետները։
Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։
«Նորվեգիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը։ Պատերազմի թեժ պահին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվում և վիրավորվում, մենք պետք է պահպանենք միակ այլընտրանքը, որը քաղաքական լուծում է առաջարկում ինչպես իսրայելցիներին, այնպես էլ պաղեստինցիներին՝ 2 պետություն, որոնք ապրում են կողք կողքի, խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շթյորեն։
Իռլանդիայի վարչապետ Միքալ Մարթինը կառավարության որոշումը «պատմական» է անվանել։ «Սա հստակ և անփոփոխ հայտարարություն է՝ առ այն, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդները հավասարապես չեն իրացրել ինքնորոշման, պետականության, խաղաղության, անվտանգության ու արժանապատվության նույն իրավունքները»,- ասել է նա։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Պաղեստինի վերաբերյալ որոշման մասին հայտարարել է պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։
0Comments