Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիները Կարմիր ծովում գրոհել են Pinocchio առեւտրանավը, որը համարվում է ԱՄՆ-ին պատկանող։ Այս մասին հայտնել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի ռազմածովային ուժերը գործողություն են իրականացրել Կարմիր ծովում՝ գրոհելով ամերիկյան Pinocchio նավը մի քանի հականավային հրթիռներով։ Ճշգրիտ խոցում է կատարվել»,- ասել է Սարիան հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։
«Անսար Ալլահի» ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ հութիները մտադիր են ընդլայնել իրենց «ռազմական գործողությունները» Ռամադան սրբազան ամսին՝ ի աջակցություն «ճնշված ու հալածված պաղեստինցի ժողովրդի»։
Marine Traffic սերվիսի տվյալներով՝ Pinocchio-ն նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո սաուդյան Ջիդայից դեպի Սուեզի ջրանցքի նավահանգիստներից մեկը։ Վերջին անգամ նավը իր գտնվելու տեղի մասին տվյալներ հայտնել է Մոսկվայի ժամանակով ժամը 02.32-ին։
Այն գտնվել է Ջիդայից 40 կիլոմետր հարավ։ Նավի սեփականատիրոջ եւ օպերատորի մասին տեղեկությունները սերվիսի կայքում հասանելի չեն։
0Comments