Բլինքենն Իսրայելին նախազգուշացրել է լայնամասշտաբ ռազմական գործողություն չսկսել Ռաֆահում

Մանրամասներ
բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնամասշտաբ ռազմական գործողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Բլինքենը նշել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը «ավելի կբարդացնի այնտեղ ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների վիճակը»։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ գոյություն ունեն Ռաֆահում խոշոր ռազմական գործողություն իրականացնելու այլընտրանքներ, որոնք թույլ կտան ապահովել Իսրայելի անվտանգային շահերը, ինչպես նաև պաշտպանել պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը», – նշված է հաղորդագրությունում։

Կողմերը նաև քննարկել են Գազայի հատված լրացուցիչ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։