Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ․ Դրել-քննում ենք արդյոք մեր զինվորականները խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը

Մանրամասներ
Ներքին Հանդ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղում ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:

Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:

Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք, որից՝

1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.

2. 170 հեկտար անտառային հողեր.

3. 130 հեկտար համայնքային հողեր:

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Ու այս պայմաններում, դրել-քննում ենք արդյոք մեր զինվորականները խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը:

Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»: