Իրանը, Սիրիան ու Իրաքը դատապարտել են ԱՄՆ-ի հարձակումներն Իրաքի և Սիրիայի տարածքների վրա

Մանրամասներ
Իրան Սիրիա Իրաք

Իրանը, Սիրիան ու Իրաքը դատապարտել են ամերիկյան բանակի հարձակումներն Իրաքի և Սիրիայի տարածքների վրա և հանդես են եկել քննադատական հայտարարություններով։

Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։ Իրանի արտաքին գերատեսչությունը նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։

«Սա ամերիկյան կառավարության հերթական ռազմավարական սխալն է, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և անկայունության սրումը», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Սիրիայի ԱԳՆ-ն ևս հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի արևելքում խախտում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ 

«Միացյալ Նահանգները ևս մեկ հարձակում իրականացրեց սիրիական տարածքի վրա՝ ավելացնելով արաբ ժողովրդի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության խախտումների ցանկը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրաքի իշխանություններն իրենց հերթին երկրի տարածքում ԱՄՆ-ի զինված ուժերի հասցրած հարվածներն ագրեսիա են որակել ու հերքել ԱՄՆ-ի պնդումները, թե հարվածները կոորդինացվել են Իրաքի հետ։

Ավելի վաղ իրաքյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի հրթիռակոծությունների պատճառով Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում 16 մարդ է զոհվել։ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զգուշացրել է իրաքյան իշխանություններին այդ երկրում թիրախների վրա մոտալուտ հարձակումների մասին։

«Ամերիկյան կողմը կեղծել է փաստերը՝ պնդելով, որ հարվածները նախապես համաձայնեցված են եղել: Սրանք կեղծ հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հասարակական կարծիքը», - ասել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունները անթաքույց ագրեսիա են՝ հավելելով, որ  «միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությունն Իրաքում վտանգ է դարձել երկրի անվտանգության ու կայունության համար»:

Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի դեմ իրականացված հարվածներին պատասխանելու նպատակով հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։

Ըստ ԱՄՆ բանակի՝ ամերիկյան օդանավերի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար: