Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում փոփոխություն է կատարել «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» որոշման մեջ:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական ծառայությունների մատուցումը առավել որակյալ, առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և նպատակային դարձնելն է:
Հստակեցվել է ծրագրի շրջանակում շահառու դառնալու և շահառուի կարգավիճակը դադարելու կամ աշխատանքից ազատվելուց հետո այն պահպանելու ժամկետները և պայմանները՝ այդ թվում համատեղությամբ աշխատանքի դեպում:
Հստակեցվել է առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով շահառուների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման պայմանները:
Որոշմամբ հստակորեն տարանջատվում են ըստ ապահովագրական ընկերությունների շահառուների կցագրման և պայմանագրային գումարի հաշվարկման գործընթացները: Նախատեսվում է արդեն իսկ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ից սկսել ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման գործընթացը (տեսակարար կշիռների հաշվարկման համար ելակետային տվյալների ստացում, բացառությունների սահմանում և այլն) և հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ավարտել բոլոր շահառուների կցագրումը ապահովագրական ընկերություններին:
Փոփոխություն է կատարվել նաև հիվանդանոցային ծառայությունների փաթեթում. առաջարկվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ավելացնել «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունը արտոնյալ պայմաններով՝ պետության կողմից փոխհատուցվող գումարի չափը սահմանելով «նորագոյացությունների ճառագայթային բուժում» ծառայության չափով և շահառուներին ընտրության հնարավորություն տալ:
0Comments