ՆԱՏՕ-ն ցանկանում է մոբիլիզացնել մոտ 90,000 զինծառայող փետրվարին մեկնարկող խոշոր զորավարժությունների համար, որի նպատակը Ռուսաստանին զսպելն է: Այս մասին հունվարի 18-ին հայտնել է գերմանական N-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Deutsche Presse-Agentur-ը։
Ինչպես նշվում է, այս մասին գործակալությունը տեղեկացել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականների հանդիպման շրջանակում։
Հեռուստաալիքը նշում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժությունները ռազմական բլոկում ամենախոշորն են լինելու Սառը պատերազմի ավարտից ի վեր։
Հավելվում է, որ զորավարժությունների սցենարը լինելու է Ռուսաստանի հարձակումը դաշնակիցների տարածքի վրա։ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, «Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում նրանցից մեկի կամ մի քանիսի դեմ զինված հարձակումը կհամարվի` որպես ամբողջության դեմ հարձակում»:
Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Bild թերթը, վկայակոչելով Բունդեսվերի գաղտնի փաստաթուղթը, հայտնել էր, որ Գերմանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախման, որը, իբր, կարող է տեղի ունենալ 2025 թվականին։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ տարբեր սցենարների դիտարկումն առօրյա ռազմական գործերի մի մասն է, հատկապես բանակային պատրաստության ժամանակ։
0Comments