Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Արմեն Գրիգորյան-Երմակ հանդիպումից

Մանրամասներ
ախք

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման վերաբերյալ, որը տեղի է ունեցել Մալթայում՝ «Մալթա. աշխարհի բանաձև» միջոցառման շրջանակերում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Անդրեյ Երմակը «բարձր է գնահատել Հայաստանի միանալն ուկրաինական խաղաղության բանաձեւին աջակցող պետությունների շրջանակին»։

Նա շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Մալթայում կայացած հանդիպմանն անձնական մասնակցության համար։

Երմակը ընդգծել է «Ուկրաինայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում նոր համատեքստը»։

Այս առումով ընդգծվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Անդրեյ Երմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնայք գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցերում։

Անդրեյ Երմակը Արմեն Գրիգորյանին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի և շարունակվող ռուսական լայնամասշտաբ ագրեսիային հակազդելու մասին։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ։

Նա շնորհավորել է Հայաստանին, որը, ինչպես Ուկրաինան ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի կազմում։

Կողմերը քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում և, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը»,- նշվում է զեկույցում։