Մենք Պաղեստինի պաշտպանությունը մեր պարտքն ենք համարում. Իրանի նախագահ

Մանրամասներ
ռայիսի ռաիսի իրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը Ֆարս նահանգ կատարած այցի ժամանակ դատապարտել է Արևմուտքի աջակցությունն Իսրայելի գործողություններին՝ ընդգծելով, որ «Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներն ու դիմադրությունը նման հանցագործություններով չեն ավարտվի», գրում է Mehr-ը։

«75 տարվա բռնաճնշումներից և ոճրագործությունից հետո այսօր պաղեստինցիների նոր սերունդը ոտքի է կանգնում սիոնիստների դեմ, և դա ցույց է տալիս, որ ոչ հանցագործություններն ու սպանությունները, ոչ էլ խարդախ գործարքները չեն կարողացել ճնշված պաղեստինցի ժողովրդից խլել իրենց իրավունքներին տեր կանգնելու ցանկությունը»: ասել է Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք «սատարում են սիոնիստական ​​ռեժիմին, պետք է իմանան, որ իրենք մեղսակից են այս ռեժիմի հանցագործություններին»։

Իրանի նախագահը նաև նշել է, որ «Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներն ու դիմադրությունը չեն ավարտվի նման հանցագործությունների պատճառով, և պաղեստինցիներն արդեն բավականաչափ տուժել են»։

«Պաղեստինի խնդիրը չի ավարտվի Գազայի կործանմամբ։ Պաղեստինի ժողովուրդը և ամբողջ աշխարհը ձեզ պատասխանատվության կենթարկեն, քանի որ մենք Պաղեստինի պաշտպանությունը համարում ենք մեր պարտքը»,- ասել է Իրանի նախագահը` դիմելով Իսրայելին աջակցող երկրներին: