Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստեղծված իրադրությանը
«Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ: Այսօր Հայաստանի Անկախության օրն է, և այդ առիթին ես արդեն անդրադարձել եմ ուղերձով:
Այս պահին ուզում եմ ձեզ հետ որոշակի տեղեկություններ կիսել, ինչո՞ւ, որովհետև տեսնում եմ, որ լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում ինֆորմացիայի խառնիճաղանջությունն բավականին մեծ է, այսինքն` մարդիկ ամենատարբեր տեղեկություններ են փորձում գտնել, չեն գտնում, և այդ տեղեկությունների բացակայության պայմաններում որոշակի վակում է առաջանում, որը լցվում է ապատեղեկատվությամբ:
Նախ` ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ, երեկ տեղի ունեցած հրադադարի վերաբերյալ: Ըստ էության, ի՞նչ է տեղի ունեցել: Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը, համապատասխանաբար, վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին: Եվ մեր տեղեկություններով այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում:
Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են: Բայց, ընդհանուր առմամբ պահպանվում է: Ինչի եմ այս տեղեկատվությունը հատուկ շեշտում, որովհետև ես տեսա, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ կան, ինչքան տեղեկացել եմ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներից, նաև դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան, բայց, ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է:
Դարձյալ պիտի ասեմ, որովհետև հասկանալիորեն դա մեր ամենամեծ ուշադրությունը վերցնող հարցերից է. քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, և դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում: Սա շատ կարևոր է:
Ես ձեզ հետևյալն եմ ուզում ասել՝ խնդրում եմ ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես դեռևս Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման առաջին օրն այս դահլիճից, երբ եթեր եմ մտել, ասել եմ նաև, որ այս պրոցեսի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Եվ սա մի խնդիր, որը նաև նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել և այն, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատված, սա չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս այն մարդկանց օրակարգում չեն, ովքեր դա բերել էին օրակարգ:
Ես կրկին ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր բան, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի բանակցությունների պայմանների քննարկմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնակցություն չի ունեցել: Այսինքն՝ մենք այդ թղթի պայմանների քննարկման կողմ չենք եղել: Մենք տեղյակ ենք եղել գործընթացներից, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել: Եվ ես նորից այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում է Հայաստանի Հանրապետության զորքեր, Զինված ուժերի ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին՝ այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ նման ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում չունի, Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Հրադադարի հաստատման բանակցությունների պրոցեսը տարել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կամ ներկայացուցիչների հետ, որովհետև, ինչքան տեղյակ եմ, բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ներկայացուցիչների ընդլայնված կազմով՝ Խորհրդարանի ղեկավարությունը, Կառավարության, նույնիսկ գիտեմ և հրապարակվել է, որ Լեռնային Ղարաբաղի նաև նախկին ղեկավարներ են մասնակցել որոշումների կայացմանը:
Եվ սա կարևոր է արձանագրելու համար: Ենթադրում եմ, որ նրանք կոնկրետ տեղում ստեղծված իրադրությունից բխող որոշում են կայացրել: Իհարկե, տեղում իրավիճակն ավելի պարզ է լինում, քան հեռվից:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին: Գնացել է այսպիսի տեղեկատվություն, թե Հայաստանի Հանրապետությունն արգելել է կամ փակել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա: Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ նախ մենք բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքն արդեն դեկտեմբերից՝ 10 ամիս փակ է: Այդ ողջ ընթացքում և այս պահին էլ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել:
Սա շատ կարևոր արձանագրում է, այսինքն՝ այդպիսի թեմա չի եղել: Ավելին ասեմ, դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար: Այսինքն՝ մենք սրա մասին չենք հայտարարել, ընդ որում, տարբեր սցենարներ ենք մենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ և այլն, և այսպես շարունակ: Հյուրանոցների համարներ ենք ընդհուպ ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար: Սա արվել է, ընդ որում ես ուզում եմ ուշադրություն դարձնեք, այս շաբաթվա սկզբին, որովհետև երբ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը:
Բայց մյուս կողմից, հարգելի հայրենակիցներ, այս թեմայով ես ուզում եմ շատ բաց, ուղիղ և անկեղծ խոսել: Ես նախորդ շրջանի իմ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել եմ այն բանում, որ նրանք Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների են փորձում ենթարկել: Այսինքն՝ երկար ժամանակ այս մեղադրանքով ենք մենք հանդես գալիս Ադրբեջանի դեմ: Եվ հիմա ես, երբ վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, բայց այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանն, այսպես ասած, մեղադրվելու որևէ առիթ չունենա: Այսինքն ասի՝ տեսեք, Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի հանրությունը, Լեռնային Ղարաբաղի հայությունն իրենք որոշեցին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ պետք է չմնա, որոշեցին ու դուրս եկան:
Սա շատ վտանգավոր խոսույթ է, բայց մյուս կողմից, իհարկե, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ են: Նախորդ օրը Տիգրան Խաչատրյանն ինձ զեկուցեց, որ հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել, և մենք չենք ուզում սրա մասին ասել: Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել, ուզում եմ շատ անկեղծ և պարզ լինել, որովհետև մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում, արժանապատիվ, անվտանգ պայմաններում:
Հիմա այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա: Ընդ որում, գիտենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ, իրենք այսօր հայտարարեցին, 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում: Եվ, իհարկե, նաև գիտեք, որ մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը: Գիտեք, որ մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում: Բայց նաև ուզում եմ ասել, որ, օրինակ՝ այսպիսի տեղեկություն ունենք, որ նախորդ օրն ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է՝ եկեք, որովհետև հնարավոր է, որ տեղափոխվեք Հայաստանի Հանրապետություն, հետո նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են՝ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստանի Հանրապետություն: Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել:
Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար: Ես ուղիղ՝ ձեր աչքերի մեջ նայելով, ասում եմ հետևյալը, ինչ որ ասացի, ամփոփում եմ այդ հատվածը: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման հենց առաջին ժամերից փոխվարչապետն ինձանից ստացել է հանձնարարական՝ զբաղվել, կենտրոնացնել ռեսուրսներ՝ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու և մարդկանց տեղավորելու, նրանց սննդի, կեցության, առողջապահության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար: Մենք այդ մասին չենք հայտարարել, որովհետև առաջինն՝ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը: Եվ չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով: Սա շատ կարևոր նրբություն է, ինչի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել։ Բայց հիմա ի՞նչ է տեղի ունենալու։ Սա է կարևորը։ Ի՞նչ է տեղի ունենալու Լեռնային Ղարաբաղում և ինչպիսի՞ տեսական հնարավորություն կա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրենց տներում կկարողանա արժանապատիվ, անվտանգ ապրել։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղում և քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելը նրանց անմիջական պարտականությունն է։ Երկրորդը, դուք գիտեք, որ այսօր Եվլախում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպումները պարբերաբար իրականացնել։ Լեռնային Ղարաբաղի գործընկերներն առայժմ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն տարածել, բայց Ադրբեջանն առնվազն իր պաշտոնական հաղորդագրության մեջ փորձում է տպավորություն ստեղծել, որ դրական հունով են ընթանում գործընթացները։ Իհարկե, սա կարող է կապ ունենալ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօր կայանալիք նիստի հետ, որտեղ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Գիտեք, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Նյու Յորքում։ Նա մասնակցելու է նիստին և ներկայացնելու է մեր դիրքորոշումները։ Եվ կարծում եմ, որ այն մեծ, շատ մեծ միջազգային ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, և Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտելու, այդ միջազգային թրենդը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք ապահովել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խաղաղ, արժանապատիվ, անվտանգ կյանքն իրենց տներում։ Եվ ուզում ձեզ պատմել իմ խոսակցությունն այս թեմայի հետ կապված Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Կրկնում եմ՝ այն բանից հետո, երբ ես տվել եմ փոխվարչապետին համապատասխան հանձնարարական՝ պատրաստել մեր հայրենակիցների հնարավոր դիմավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ասել եմ, որ ես կարծում եմ՝ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն պետք է չլինի, և նույնիսկ պլան Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի անպայմանորեն պլան Գ-ն։ Այն նկատառումով, կրկնում եմ՝ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից և մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին։ Ինչո՞ւ ենք այսպես վերաբերվում, որովհետեւ մեր գնահատականն այն է, որ ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում։ Իհարկե, կան իրենց տներից տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ։ Բայց կրկնում եմ՝ ըստ իրադրության գնահատականի, այսպես ասած, պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի: Բայց, դա էլ պետք է արձանագրենք, որ այս պահին նաև Լաչինի միջանցքը շարունակվում է փակ լինել Ադրբեջանի կողմից, Հայաստանի Հանրապետության կողմից ելքը Լաչինի միջանցքից և մուտքը դեպքի Լաչինի միջանցք երբեք փակ չի եղել:
Հաջորդը, ինչպես արդեն ասացի, կարծում եմ՝ շատ թափանցիկ է և այստեղ բոլոր ուշադիր քաղաքացիները տեսնում են, թե ովքեր, որտեղից և ինչպես են փորձում Հայաստանում ցնցումներ իրականացնել: Ուզում եմ ասել նաև, որ շաբաթվա սկզբին էր, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, նաև բռնության կոչերի, նաև սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի, և այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված և կալանավորված անձինք կան: Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը լիարժեք գործում է, բայց ես մի նրբության վրա էլ եմ ձեր ուշադրությունն ուզում հրավիրել: Մենք պետք է մեր ուշադրությունից դուրս չթողնենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը Հայաստանի իրավապահ մարմիններին ստիպելն է կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք, օրինակ՝ ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ընդհուպ՝ ամենատարբեր զարգացումներ լինեն: Հիշում եք չէ, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում ընդամենը 7, 8 կամ 10 օր առաջ, կներեք կարող է ժամանակագրությունը խառնում եմ, բայց կարծում եմ իմացաք, թե ինչ ելույթների վրա եմ հղում անում: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ինքնիշխանության, անկախության հետ կապված հարցադրումներ էինք անում, ես նկատում էի, որ այնպիսի մի բան կար, որ դա նախընտրական այսպես ասած, հնարք է: Եվ լավ կլիներ, որ այդ ընկալումը մնար այն առումով, որ, ցավոք, հետագա իրադարձությունները, ցույց տվեցին, որ դա ամենևին նախընտրական հնարք չէ: Եվ ինչ ասում էինք այդ կոնտեքստում՝ կապված ինքնիշխանության, անկախության դեմ մղվող պայքարի մասին՝ ամեն ինչ արդարացվեց: Եվ կոնտեքստն էլ հիմա արտաքին աշխարհի հետ կապված հետևյալն է, օրինակ՝ ռուսական մամուլում շատ է գնում խոսակցություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն երկար ժամանակ փորձում է պատասխանատվությունն իր անհաջողությունների համար դնել Ռուսաստանի վրա:
Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում: Կա հստակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ, օրինակ, Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Եվ մենք հետևողականորեն, գիտեք, դեռևս մեկուկես տարի առաջվանից սկսել ենք այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում: Մենք որևէ անազնիվ բան չենք անում: Ակնհայտ է, մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից՝ ես չեմ կարծում, թե մենք բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում ունեցել է:
Նախորդ տարի, դուք հիշում եք դեպք, երբ Մարտակերտի բնակչին խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, մարդն իր տանը նստած համոզել էին, չգիտեմ ինչ համար՝ քարոզչական, թե ինչ նպատակներով, չգիտեմ, տրամաբանությունը չգիտեմ, տարել էին դաշտ և ասել էին, որ մենք երաշխավորում ենք քո անվտանգությունը, կարող ես քո տրակտորով դաշտը հերկել, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր տրակտորիստին, խաղաղապահը կողքը նստած: Այսինքն՝ շատ բաներ կան, որ մենք չենք ցանկացել բարձրաձայնել, խոսել դրա մասին՝ հասկանալով, որ բարդ է իրավիճակը, այնպես չի, որ ամեն ինչ վերահսկվում է, ամեն մի անկյունը՝ խաղաղապահների կողմից: Բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, տաս և, ըստ էության, այս վերջին բռնկումը: Ինչո՞ւ է տեղի ունեցել:
Կներեք, եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ տեղի չունենա հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, և մենք էլ ասում էինք, որ Լեռնային Ղարաբաղը պարփակված է, շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով: Ինչո՞ւ այդ միջնորդական գործունեությունն այն ժամանակ չի արվել: Ասենք, սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան:
Կամ մյուս կողմից՝ այսօր ձեզ հայտնի կուսակցության ներկայացուցիչները փողոցներում հարձակվում են մարդկանց վրա, իսկ իրենք ինչի՞ չեն պատասխան տալիս. Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը իրենց կուսակցության ներկայացուցիչն է, որը մասնակցել է և փաստորեն կողմ է արտահայտվել հրադադարի այս պայմաններին: Իրենք պատրաստվում ե՞ն սրա բացատրությունը տալ:
Այսինքն՝ կներեք, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այո, ինչպես Ղարաբաղի հարցը ձեզ հայտնի շրջանակների կողմից երկար ժամանակ՝ տասնյակ տարիներ, 1997-1998 թվականից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում: Կամ ի՞նչ է նշանակում ուսանողների և մարզիկների կազմակերպված խմբեր զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում: Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ հենց Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևան քաղաքում: Բայց ով ուզում է լինի նա, շատ կոշտ է լինելու արձագանքը և կոշտ է արձագանքը: Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի կոշտ և ավելի օպերատիվ արձագանք են ուզում: Լինելու է կոշտ և օպերատիվ արձագանք: Բայց գծեր կան, որ նրանք ուզում են այդ գծերը լինեն, նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի: Սա է նրանց նպատակը: Մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան: Բայց մենք մեր հայրենակիցներին սիրում ենք, նույնիսկ նրանց, ովքեր մեզ հայհոյում են, մենք չենք կարող ատելության տարափ լցնել մարդկանց գլխին: Չենք կարող: Իրավապահ համակարգն իր տեղում է, իրավակարգը գործում է, ձերբակալություններ են ընթանում, կշարունակեն տեղի ունենալ ձերբակալությունները: Շատ կարևոր է, որ մեղավորները կկրեն պատասխանատվություն, բայց թացը չորին չի խառնվի: Այսինքն՝ այս խառը վիճակում կարող են լինել նաև մարդիկ, որոնք հետագայում կպարզվի, որ նրանց արարքների մեջ հանցակազմ չկա և, բնականաբար, նրանց հետագա իրավական պատասխանատվության ոչ մի քայլ չի ձեռնարկվի:
Բայց, ընդհանուր առմամբ, իմ հորդորը և Հայաստանի Հանրապետության կառավարության հորդորը շարունակում է մնալ նույնը՝ առավել ևս այս էմոցիոնալ և բարդ իրավիճակում, պահպանել հանդարտություն և օրենքի գծերը չանցնել, որովհետև օրենքի գծերն անցնելու դեպքում գործելու են հակազդեցության համաչափ, բայց կոշտ միջոցներ: Բոլոր համապատասխան մարմինները սրա վերաբերյալ իմ կողմից արդեն ստացել են հանձնարարականներ:
Որպես այսօրվա ամփոփում, իհարկե շատ կարևոր է լսել Լեռնային Ղարաբաղի գործընկերների տպավորությունները Եվլախում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ և նաև հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Համենայնդեպս՝ պիտի արձանագրել, որ այս անգամ միջազգային հանրության գնահատականների հետ կապված կարծես թե ամեն ինչ շատ հստակ է: Չնայած, մյուս կողմից էլ դա փոքր մխիթարանք է:
Սիրելի հայրենակիցներ, նախ՝ այսքան ժամանակ մենք պետք է սովորեինք, որ ֆեյքերի ազդեցությունը պետք է ինքներս կարողանանք որոշակի սահմանափակել: Սա առաջինը: Այսինքն՝ տուրք չտալ ակնհայտ կեղծ տեղեկություններին, որոնց նպատակը էլի մի բան է՝ Հայաստանում ստեղծել քաոս, այնպես անել, որ եզրակացություն անեն, որ Հայաստանի Հանրապետությունը, մենք չենք կարողանում պետություն ունենալ, եկեք, մեզ տիրություն արեք, մի հատ ուրիշ պետություն ձեր դրածոների, ձեր էմիսարների միջոցով: Սա չպետք է թույլ տանք և թույլ չենք տալու: Սա առաջինը: Երկրորդը՝ լինենք զգույշ, որպեսզի մեր սիրելի հայրենակիցների մասին մեր հոգատարությամբ թույլ չտանք, որ որևէ մեկը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացի մեր ձեռքով, և հետո ասեն, ինչ է եղել որ, Հայաստանը, հայերը որոշել են, որ այդպես պետք է անեն, մենք զոռով չէինք պահելու որևէ մեկին:
Բայց, իհարկե, կրկնում եմ՝ իրադրությունն օպերատիվ գնահատվում է և պլան Գ-ն ցանկացած պահի կարող է դառնալ պլան Ա, իսկ այս պահին պլան Ա-ն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում ապահով, արժանապատիվ և անվտանգ ապրեն: Իսկ այն բնակավայրերի բնակիչները, ովքեր տեղահանվել են, պետք է րոպե առաջ վերադառնան իրենց բնակարաններ:
Սիրելի հայրենակիցներ,
Ես ինչքան այսօրվա, այսպես ասած, օդում կախված հարցերին, կարծես թե բոլորին, արձագանքեցի, համենայնդեպս նրանց, որոնց այս պահին անհրաժեշտ համարեցի արձագանքել: Եվ ինչպես պայմանավորվել ենք, ըստ անհրաժեշտության, ես կամ կառավարության կամ պետական մարմինների որևէ այլ ներկայացուցիչ ձեզ կտա պատշաճ տեղեկություններ, որպեսզի ամբողջական և իրական պատկերացում ունենաք տեղի ունեցող գործընթացների մասին:
Իհարկե, պետք է նաև արձանագրել, որ իրադրությունը կարող է փոփոխություններ կրել, բայց իրադրությունների փոփոխությունների մասին նույնպես ձեզ կտեղեկացնենք:
Շնորհակալություն:
0Comments