Կրակոցներ՝ Տավուշի մարզում

Մանրամասներ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղարծին բնակավայրի վարչական տարածքով ընթացող Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ստացվելու ժամանակ Nissan-ն ընթացքի մեջ է եղել։ Մի քանի հատվածներում ոստիկաններն ու պարեկները հսկողություն են իրականացրել և, նկատելով ավտոմեքենան, կանգնեցրել այն: Ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Բաղիյանը ոստիկանների բանավոր պահանջով ներկայացրել է իր մոտ եղած ատրճանակը, որում, պարզվել է, եղել է 1 հատ փամփուշտ, 1 հատ պահունակ՝ լիցքավորված 2 փամփուշտով:

Պարզվել է նաև, որ զենքը նրա օրինական զենքն է: Կ. Բաղիյանը մեքենայով տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա հայտնել է, որ զենքը եղել է իր ձեռքում՝ մեքենայի պատուհանից դուրս վիճակում:

Ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրվել նաև ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ Կարեն Շմավոնյանը, Նաիրիա Թաիրյանը, Սյուզաննա Հախվերդյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով աշխատում է «Գրանադա» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր, ավտոմեքենան վարած Հայկ Օթարյանը և Հայկ Ներսիսյանը, ով երթևեկել է նրանց հետևից՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով:

Հ. Ներսիսյանն աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնում, որպես օպերլիազոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։