Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Առաջին մրցափուլում Իբոյանը միավոր չվաստակեց: Գոտեմարտի մեկնարկում թուրք մրցակիցը 2-միավորանոց հնարքով բացեց հաշիվը: Երկրորդ մրցափուլի ավարտից վայրկյաններ առաջ Կնյազ Իբոյանը 2 միավոր վաստակեց եւ առավելություն ձեռք բերեց մրցակցի նկատմամբ: Վերջին 4 վայրկյանում կողային մրցավարը 1 միավոր ավելացրեց թուրք ըմբիշի հաշվին Իբոյանի կողմից խախտում անելու համար: Հայ մարզիչները չելենջ գցեցին, կողային մրցավարները բավարարեցին բողոքարկումը եւ թուրք մրցակցի հաշվից հանեցին 1 միավորը: Հաշիվը դարձավ 2:2՝ Իբոյանի վերջին հնարքի առավելությամբ:
Գոտեմարտի վերջին վայրկյանին Իբոյանին հաջողվեց դուրս բերել մրցակցին աշխաատանքային գոտուց, բայց ժամանակը սպառվեց եւ մրցավարը սուլեց: Թուրք ըմբիշի մարզիչները չելենջ գցեցին. ըստ նրանց հայ ըմբիշը քաշել էր մրցակցի մարզահագուստից: Մրցավարները չբավարարեցին չելենջը եւ 1 միավոր ավելացրին Կնյազ Իբոյանի հաշվին:
Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիր պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Իբոյանը 10:1 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիեւին:
Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):
0Comments