Պրիգոժինի բունտից հետո Հարևան երկրներն ամրացնում են սահմանը Ռուսաստանի և Բելառուսի հետ

Մանրամասներ

Բելառուսի հարեւան երկրները վերանայում են անվտանգության միջոցները սահմանին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինն ուղարկվելու է այդ երկիր Ռուսաստանում իր խռովությունից հետո։

Լեհաստանի վարչապետը եւ պաշտպանության նախարարը երկրի հյուսիս-արեւելքում, Կալինինգրադի եւ Բելառուսի սահմանին մոտ տեսչություն են իրականացրել զորքերում։

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ասել է. «Մենք ամրացրել ենք սահմանները, սահմանը Բելառուսի եւ Կալինինգրադի մարզի հետ։ Մենք գիտենք այդ սպառնալիքների մասին եւ արձագանքում ենք՝ փորձելով կանխել գրոհները։ Ի վերջո, մենք արդեն երկու տարի գործ ունենք հիբրիդային գրոհի հետ լեհական սահմանին։ Լեհական բանակի զինվորները ծառայում են սահմանին՝ դրանով իսկ ամրացնելով մեր հայրենիքի անվտանգությունը»։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կիրակի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի «ուժեղացնել»  իր արեւելյան փաղանգը, եթե Բելառուսը թաքցնի Եվգենի Պրիգոժինին եւ նրա զորքերը։

Ֆինլանդիան՝ դաշինքի նոր անդամը, նախընտրում է առայժմ «հետեւել իրավիճակին»։

«Իրավիճակը նրբին է, ամեն բան կարող է պատահել։ Մենք շարունակում ենք հետեւել իրավիճակին շատ ուշադիր»,- ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։