60 դպրոցից միայն 8-ում է տնօրեն ընտրվել, 15-ում էլ՝ վարչատնտեսական համակարգող

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Կառավարման նոր համակարգին անցած 60-ից ավելի դպրոցներում տնօրենի հավակնորդներից ընդամենը 8-ի զարգացման ծրագիրն է դրական եզրակացություն ստացել, իսկ վարչատնտեսական մասի համակարգող նշանակվել է 15 դպրոցում: Նոր իրավակարգավորումներով՝ հանրակրթական հաստատության ղեկավարի գործառույթները տարանջատվել են. տնօրենը պատասխանատու է լինելու միայն կրթության բովանդակության համար, իսկ ֆինանսատնտեսական հարցերով կզբաղվի համակարգողը:

52 դպրոցում տնօրեն չընտրվելու պատճառը թեկնածուների ոչ այնքան հաջող զարգացման ծրագրերն են, որոնք, ըստ Կրթության փոխնախարարի, ենթարկվել են անկախ փորձաքննության և չեն ստացել դրական եզրակացություն: Բովանդակությունը բավարար չափով չի եղել չափելի, իրատեսական, ուսումնական գործընթացին անդրադարձը չի եղել համակողմանի:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եվ գնահատման չափանիշները, որոնք հաստատվել են ԿԳՄՍ նախարարի կողմից, կիրառելու արդյունքում պարզվեց, որ այդ զարգացման ծրագրերը անհրաժեշտ շեմը չեն հաղթահարում, և հետևաբար` դրանք բացասական եզրակացություն ստացան մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Ինչ վերաբերում է վարչատնտեսական համակարգողի պաշտոններին, նախարարի տեղակալը նկատում է.

Արաքսիա Սվաջյան - Ավելի ինֆորմացված լինելու խնդիր ունենք, և բոլոր այն մարդիկ, ում կարող է հետաքրքրել այս աշխատանքը, կամ ում կրթությունը, կամ աշխատանքային փորձը համապատասխանում է, իրենք ևս, կարծում եմ, ժամանակի ընթացքում կտեղեկանան, կդիմեն, և մենք դպրոցներում արդեն կունենանք վարչատնտեսական համակարգողներ:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասնակիցներից շատերը, որոնց ներկայացրած զարգացման ծրագրերը բացասական եզրակացություն են ստացել, նախկին տնօրեններ են: Արթիկի համար 3 ավագ դպրոցի տնօրեն Արևիկ Արշակյանը այս պաշտոնում ընտրվել է թե նախորդ, և թե նոր կարգով:

Արևիկ Արշակյան (Արթիկի համար 3 ավագ դպրոցի տնօրեն) -  Նախկինում էլ զարգացման ծրագիրը թիվ մեկ փաստաթուղթն էր: Կոնկրետ ինձ համար թիվ մեկ փաստաթուղթն էր, որովհետև էնտեղ ներառված էր առաջիկա հինգ տարիների ամբողջ գործունեությունը դպրոցի: Իսկ նոր կարգով զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջներն են ներառված. յուրաքանչյուր ոլորտի հստակ վերլուծություն, հստակ իրագործման մեխանիզմներ, ժամանակացույց, իրագործողներ: Ամեն ինչ ռեալ ու ավելի հստակ էր նոր կարգով: 

Արթիկի համար 3 դպրոցում վարչատնտեսական համակարգող դեռ չկա, թեպետ մի քանի անգամ թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվել: Տնօրեն Արևիկ Արշակյանն ասում է՝ գործը չի տուժի, որովհետև ինքը պահպանելու է բոլոր լիազորությունները, քանի դեռ վարչատնտեսական համակարգող նույնպես չի ընտրվել: Ի դեպ, կրթական գերատեսչությունում քննարկում են վարչատնտեսական համակարգողին ներկայացվող պահանջները մեղմացնելու հարցը: Օրինակ` նվազեցնել կառավարման 5 տարվա ստաժի շեմը:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում