Տաուրինը երկարացնում է կյանքը. Հետազոտություն

Մանրամասներ
աղջիկ դեղեր

Գիտնականների խումբը կապ է հայտնաբերել ամինաթթու տաուրինի լրացուցիչ ընդունման եւ կյանքի տեւողության եւ առողջական վիճակի միջեւ փորձարարական մկների, որդերի եւ մակակների մոտ: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից գիտնականների հետազոտության արդյունքները, news-ի փոխանցմամբ, հրապարակվել են Science ամսագրում:

Տաուրինը կենդանիների եւ մարդկանց հյուսվածքների կարեւոր բաղադրիչ է եւ գործնականում բացակայում է բույսերում: Ե՛վ կենդանիները, եւ՛ մարդիկ ի վիճակի են սինթեզել այս նյութը, բայց տարիքի հետ այդ կարողությունը նվազում է. մարդու կյանքի ընթացքում դրա մակարդակը նվազում է մոտ 80 տոկոսով։

Հետազոտության հեղինակները նաեւ նշում են տաուրինի մակարդակի նվազումը ճարպակալմամբ եւ շաքարախտով տառապող մարդկանց մոտ եւ դրա բարձրացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:  

Նոր փորձերը ցույց են տվել, որ տաուրինի լրացուցիչ չափաբաժիններն ավելացրել են կյանքի միջին տեւողությունը 10-23 տոկոսով նեմատոդ որդերի մոտ, 10-12 տոկոսով՝ մկների մոտ։ Կրծողների մոտ տաուրինի ավելացումը հանգեցրել է նաեւ ուժի ցուցանիշների աճին, համակարգման եւ հիշողության բարելավմանը եւ ծերացման բազմաթիվ նշանների թուլացմանը:   

Հետազոտությունները, որոնք ավելի վաղ իրականացվել են մարդկանց մասնակցությամբ, նաեւ ցույց են տվել, որ լրացուցիչ տաուրինը դրական ազդեցություն է ունենում։ Այս մասին  The Wall Street Journal-ին պատմել է հետազոտական խմբի ղեկավար Վիջայ Յադավը:   

Ըստ Յադավի՝ իր ղեկավարած գիտնականների խումբը պատահական ուսումնասիրություն կանցկացնի տարբեր երկրներից մարդկանց մոտ՝ ուսումնասիրելու տաուրինի լրացուցիչ ընդունման հետեւանքները: