Կրեմլը հավանություն է տվել Հռոմի պապի բանագնացի այցին Մոսկվա

Մանրամասներ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Հռոմի պապի բանագնաց, կարդինալ Մատեո Զուպին Կրեմլից թույլտվություն է ստացել այցելել Մոսկվա: Այս մասին ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար արքեպիսկոպոս Պաոլո Պեցին։

Նա չի նշել սպասվող այցի ստույգ ամսաթիվը:

Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Պեցին նշել է, որ վերջերս «շատ բացասական հայտարարություններ» է կարդացել ինչպես Կրեմլից, այնպես էլ Ուկրաինայից՝ Հռոմի Պապի հնարավոր միջնորդության վերաբերյալ։

«Եվ նման լճացած իրավիճակում այն փաստը, որ Հռոմի պապի բանագնացը գնաց Ուկրաինա և ստացավ Կրեմլի համաձայնությունը՝ գալու Մոսկվա, թեև չգիտեմ երբ, դա ինքնին նշան է, որը չպետք է թերագնահատել», - ասել է նա։

Երեկ՝ հունիսի 6-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է կարդինալ Մատեո Զուպիի հետ։ Նրանք քննարկել են ուկրաինական կողմի առաջարկած խաղաղության ծրագիրը։ Սպասվում է, որ այս այցից հետո Զուպին պետք է վերադառնա Վատիկան՝ Հռոմի պապի հետ խորհրդակցելու, ապա մեկնի Մոսկվա։

Մատեո Զուպին բանակցող էր Մոզամբիկի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1977–1992)։ Բանակցությունները ընթացել են 27 ամիս և ավարտվել խաղաղության համաձայնագրերի ստորագրմամբ։