Չինաստանին հասկացրել ենք, որ Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորոշումը կորոշի Պեկինի հետ ԵՄ հարաբերությունների որակը. Բորել

Մանրամասներ

Եվրամիությունը քննադատել է Պեկինին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանին աջակցելու համար՝ դա որակելով ՄԱԿ-ի հանդեպ երկրի պարտավորությունների «կոպիտ խախտում»: Այս մասին գրում է golosameriki.com-ը:

«Չի կարելի կանգնել ագրեսորի կողքը», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պեկին այցից առաջ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամից ակնկալվում է, որ նա կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, իսկ Չինաստանը արդար աշխարհին նպաստելու բարոյական պարտք ունի», - հավելել է նա:

Բորելը նաև ասել է, որ հույս ունի, որ Պեկինը կփոխի իր դիրքորոշումը:

«Մենք Չինաստանին հասկացրել ենք, որ Ռուսաստանի դաժանությունների և ռազմական հանցագործությունների նկատմամբ նրա դիրքորոշումը կորոշի Պեկինի հետ մեր հարաբերությունների որակը», - ասել է նա:

Աղբյուրը նկատում է, որ Բորելը ոչ բնորոշ կոպտությամբ է արտահայտվել Չինաստանի մասին: Այս մեկնաբանությունները հիմք են տվել, որպեսզի երկու ազդեցիկ եվրոպացի առաջնորդները Չինաստան կատարած այցի ժամանակ շեշտեն, որ ԵՄ-ի և Պեկինի հարաբերությունները կախված կլինեն Ռուսաստանի հետ Չինաստանի բարեկամությունից:

Սպասվում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցություններում Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը կնախազգուշացնեն Չինաստանին Ռուսաստան զենք չուղարկելու մասին։