Համայնքային ոստիկանությանը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ․ Արփինե Սարգսյան

Մանրամասներ

Մարտի 29-ին Երևանում կայացավ «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորեցին համայնքային ոստիկանության առանցքային դերն ու նշանակությունը։

«Համայնքային ոստիկանության մասով մենք, ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում թիրախային ուշադրություն ենք կենտրոնացրել այդ ոլորտի վրա, որպեսզի հասկանանք առհասարակ այս պահի դրությամբ համայնքային ոստիկանության վերափոխման, լավարկման ուղղությամբ ինչպիսի քայլեր կարող ենք ձեռնարկել և բարեփոխումների շրջանակներում, ըստ էության, քննարկումները տարանք նրան, որ ոստիկանության ոլորտում չորս հենասյունային ուղղություն ենք պատկերացնում ունենալ՝ իրենց մարզային ստորաբաժանումներով՝  Քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ՀԱԱԳՎ, որի շրջանակներում է հենց համայնքային ոստիկանությունը, և ոստիկանական գվարդիան, որը փոխարինելու է ոստիկանության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակներին»,-իր խոսքում նշեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը հավելեց, որ համայնքային ոստիկանության վերաիմաստավորման շրջանակներում այդ ուղղությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ։ Նա նաև ընդգծեց, որ համայնքային ոստիկանության բազմաֆունկցիոնալ գործիքակազմի տրամադրմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը առաջիկայում կդրվի հանրային քննարկման։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել ԵԱՀԿ փորձագետների կողմից պատրաստած «Համայնքային ոստիկանության զարգացումը Հայաստանում. մարտահրավերները և առաջընթացի ուղիները»  զեկույցը, որում ամփոփվել են ոլորտում լավագույն միջազգային փորձն ու ներպետական պրակտիկան, ինչպես նաև ներկայացվել են առաջարկներ հետագա բարեփոխումների համար։ Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության ոլորտում ռազմավարական պլանավորման, ռեսուրսների կառավարման, լիազորությունների շրջանակի և գնահատման համակարգի վերանայման,  համայնքի հետ համագործակցության ձևաչափի և ուսուցման թեմաներին։

Հանդիպման ընթացքում փորձագետ Սուսաննա Նալթակյանը խոսեց Հայաստանում  համայնքային ուղղվածություն ունեցող ոստիկանության կազմակերպման ու զարգացման սկզբունքների մասին՝ շեշտելով ռազմավարական տեսլականի անհրաժեշտությունը։

ԵԱՀԿ փորձագետ Ուիլյամ Բրեյմը ներկայացրեց միջազգայնորեն ընդունված  բազմաֆունկցիոնալ ոստիկանների մոդելը։ Նա անդրադարձավ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Կանադայի համապատասխան փորձին՝ համայնքային ոստիկանության կառուցվածքի, գործառույթների և աշխատակիցների վերապատրաստման ոլորտում։

Քննարկման շրջանակներում փորձագետները դրական արձագանքեցին ՆԳՆ կողմից առաջարկվող բազմաֆունկցիոնալ համայնքամետ ոստիկանության մոտեցմանը՝ հաշվի առնելով միջազգային տենդենցները։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև համայնքային ոստիկանության կատարելագործման, ծառայողների հմտությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստումները։

Քննարկումը կազմակերպվել էր «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի ,INL-ի և ICITAP-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։