«Արդշինբանկը» ավարտեց HSBC–ի 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացը։
«Արդշինբանկ» ՓԲԸ–ն ավարտեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ («HSBC Հայաստան») 100 % բաժնեմասի ձեռքբերման գործընթացը: Այդ մասին ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել։
«Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ 10 ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանն այսօր վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»,– ասված է հաղորդագրության մեջ:
«Արդշինբանկից» նշում են, որ դեկտեմբերի 2–ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27–ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն էր տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:
Հիշեցնենք նաև` հունիսի 12–ին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել էր, որ թույլատրել է «Արդշինբանկի» և «Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան»–ի համակենտրոնացումը։
2023 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ HSBC Հայաստանի (բրիտանական կապիտալով բանկ) ակտիվները կազմել են մոտ 290 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 մլրդ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 մլրդ դրամ:
Բրիտանական խոշորագույն HSBC բանկի դուստր մասնաճյուղը Հայաստանում գործում էր 1996 թվականից:
0Comments