Եվ´ Ադրբեջանում, և´ արտերկրում պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ․ Աբրահամյան
Ապրիլի 30, 2025

Եվ´ Ադրբեջանում, և´ արտերկրում պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ․ Աբրահամյան

Եվ´ Ադրբեջանում, և´ արտերկրում պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ։

 

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանում մեկ օր դադարից հետո նեղսրտած անդրադարձել են Մոսկվայում` ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառման ժամանակ, հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած «փոխհրաձգությանը»: 

Հիշեցնեմ, որ իր ելույթում ադրբեջանցի պատվիրակն իր ժողովրդի հաղթանակների մեջ հիշատակեց 44-օրյա պատերազմը` նշելով, որ հնարավոր եղավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչից հետո Իվետա Տոնոյանը խոսեց Արցախի շրջափակման, Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման և արցախցիների բռնի տեղահանման մասին, իսկ Էդուարդ Շարմազանովը ֆունդամենտալ ելույթով խոսեց արցախցիների ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, էթնիկ զտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանի Ցեղասպան քաղաքականության մասին:

Այն, որ ադրբեջանական պատվիրակությունը ֆիասկոյի ենթարկվեց, նույնիսկ նկատելի է ադրբեջանական հրապարակման համատեքստից, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նրանք առավելություն ունենային, ապա բոլոր լրատվամիջոցներով դրոշակ կդարձնեին:

Ադրբեջանցիները նյութում «հիշեցրել» են, որ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն չի համակերպվել Արցախի ներկայիս կարգավիճակին և Արցախի էջը փակված չի համարում:

Իսկ ո՞վ է համակերպվում հայրենիքի կորստի հետ` դավաճաններն ու հողն ուրացողները, ովքեր երկիրը սակարկման առարկա են դարձնում:

Հայաստանի իշխանությունների զիջողականության չավարտվող շղթան անընդհատ մեծացնում է մեր երկրի խոցելիությունը, նոր ճակատ բացելով Հայաստանի դեմ:

Այո´, և´ Ադրբեջանում, և´, առհասարակ, արտերկրում, պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր, խմբեր, հասարակության հսկայական հատված չի համակերպվում ստեղծված իրողությունների և ՀՀ իշխանության կռացած, ճողված և հպատակված քաղաքականության հետ»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս