«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը
Ապրիլի 29, 2025

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։

Այս մասին գլխավոր դատախազը ուրբաթ օրը ակնարկեց նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ պետք չէ շտապելով ընդունել օրենք, որը հնարավոր չի լինի գործնականում կիրառել, իսկ իրավական դաշտում հարուցել վիճահարույց խնդիրներ։

Հավելենք, որ իրավապաշտպան շրջանակները եւս չեն ընդունում այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթում «կարգավիճակ ունենալու» փաստը չափազանց անհստակ է եւ իրավաբանորեն դժվար ապացուցելի։ Ավելին՝ գործող Սահմանադրությունը երաշխավորում է անձի խոսքի ազատությունն ու իրավունքը՝ չինքնամեղադրվելու, ինչի խախտումը կարող է դառնալ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։

Եթե անձը որեւէ գործողություն չի կատարել, միայն ենթադրյալ կարգավիճակի կամ ենթամշակույթին պատկանելու կասկածի հիման վրա նրան քրեականացնելը հակասում է իրավական պետության հիմունքներին։ Նման նորմ չի կարող օրենք դառնալ՝ առանց հակասահմանադրական բնույթ ձեռք բերելու։

 Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը քաղաքական շրջանակներում եւս ընկալվում է որպես խիստ հակասական։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ նույնիսկ իշխանական կուլիսներում լուրջ վերապահումներ կան, եւ օրենսդրական փաթեթը դժվար թե հասնի Ազգային ժողով՝ առանց էական փոփոխությունների»։
 Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Rate this item
(0 votes)

Լրահոս