Եկատերինբուրգում տեղի ունեցած դեպքերից հետո ադրբեջանական մի շարք լրատվականներ բացահայտ հակառուսական քարոզչություն են տանում։
Այսպես, Արդրբեջանում հայտնի ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխտարլին մեկնաբանել է Եկատերինբուրգում հինգ ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունը և կոչ արել այրել երկրում ՌԴ դեսպանատունը։
«Մեր հինգ հայրենակիցները սպանվել են, բայց Ռուսաստանի դեսպանատունը չի այրվել: Իրենց հարգող ազգերը քարը քարի վրա չէին թողնի այդ դեսպանատնից», - գրել է նա։
Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունն իր հերթին բացահայտ հակառուսական մի շարք պնդումներ է հրապարակել, իսկ ադրբեջանական «Minval» լրատվամիջոցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «շովինիստ»։
Ավելի վաղ էլ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր, թե Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից երկրում նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվում են։
Նշենք, որ Բաքուն մեղադրում է Ռուսաստանին քրեական հեղինակությունների տների վրա կատարված խուզարկությունների ժամանակ ՌԴ ԱԴԾ անվտանգության ուժերի կողմից, իբր, հինգ ադրբեջանցու սպանելու մեջ։