Այսօր Անթալիայի Կալեիչի պատմական թաղամասում գտնվող հյուրանոցում հրդեհ է բռնկվել, հայտնում է թուրքական Iha լրատվամիջոցը։
Նշվում է, որ հրդեհը սկսվել է ժամը 12:00-ի սահմաններում Կալեիչի պատմական թաղամասի Ուզունչարշը փողոցում գտնվող հյուրանոցում։ Քամու պատճառով արագ բորբոքվող հրդեհը տարածվել է հյուրանոցի հարևանությամբ և հետնամասում գտնվող երկու այլ շինության վրա։ Անթալիայի քաղաքապետարանի Կալեիչիի հրշեջ մասն առաջին միջամտությունն իրականացրել է 3 րոպեի ընթացքում։
Թեև հրդեհի բռնկման պահին հյուրանոցի մի քանի հաճախորդներ տարհանվել են, հրդեհաշիջման աշխատանքները շարունակում են 10 հրշեջ մեքենա և 35 հրշեջ։
Հաղորդվում է, որ հյուրանոցում և հարակից շինություններից մեկում հրդեհը մասամբ մեկուսացվել է, սակայն մյուսում այն շարունակվում է, և ջանքեր են գործադրվում՝ թույլ չտալու դրա տարածումը այլ աշխատանքային տարածքների վրա։