Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել. ես այդ կառույցը չեմ հարգում. Ստեփան Ասատրյանը՝ հոգևորականներին
Հոկտեմբերի 24, 2025

Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել. ես այդ կառույցը չեմ հարգում. Ստեփան Ասատրյանը՝ հոգևորականներին

Ստացել եմ ծանուցումը,  բայց չեմ ընդունում իմ կարգալուծությունը, և բանալիները չեմ հանձնում։ Ես ստացել եմ Արշակ Սրբազանի նամակը, պատասխանել եմ, հիմա էլ սպասում եմ իր պատասխանին։ Ստացել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, դիմելով Հովհաննավանք ժամանած հոգեւորականներին, ասաց Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյան)։ 

Հոգեւորականներից մեկը, որի ձեռքին նամակ կար, նշեց, որ քահանան պետք է ժամը 15–ին հանձներ եկեղեցու բանալիները. «Դուք որպես քահանա այլևս չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն  խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում»։ 

Ստեփան Ասատրյանը (Տեր Արամը) նախ հարցրեց, թե ով է ասել, որ իրեն փոխանցեն սա, ապա կրկնեց, որ չի ընդունում դիվանատան գրությունը. «Ով տվել է, տարեք տվեք իրեն։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով այս թուղթն ուղարկել է։ Եթե վերջացրեցիք ձեր խոսքը, գնացեք էստեղից»,–ասաց նա։ 

Լրագրողի հարցին՝ սպառնո՞ւմ եք օծված քահանային, Ասատրյանը պատասխանեց. «Ես էլ եմ օծված, իմ օծումը ո՞վ է վերցրել»։

Հարցին՝ պատերա՞զմ է հայտարարում եկեղեցու դեմ, նա արձագանքեց. «Իսկ Հայոց եկեղեցին Աստծո դեմ պատերա՞զմ է հայտարարում։ Կաթողիկոսը չի կարող կին ու երեխա ունենալ։ Նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրել։ Կաթողիկոսը ամուսնացած է, երեխաներ ունի։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»։ 

Դրանից հետո նա մտավ եկեղեցի և դուռը փակեցին։

Դրսում հավաքվածները լրագրողներին հորդորում էին չխանգարել, քանի որ հարսանիքի արարողություն է ներսում. «Մի խանգարեք, սպասեք, հարսանեկան արարողությունը կվերջանա, հետո ինչ ուզում եք՝ արեք»։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ կիրակի Հովհաննավանքում պատարագ է մատուցելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս