ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, ով ներգրավված է Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայում հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի շրջանակում ձեռք բերված համաձայնության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Տահնուն ալ-Նահյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության հասնելու ձգտումը, ինչպես նաև կարևորել է այս հարցում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ունեցած դերակատարությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում այն բանից հետո, ինչ Ուիթքոֆը և Քուշներն ավարտել են այցն Իսրայել։