Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ «կապված Բելառուսի Հանրապետության կողմից օդային տարածքը քանիցս խախտելու հետ»: Այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։
«Բելառուսի Հանրապետությունից օդերևութաբանական զոնդերի խմբի անօրինական թափանցումը Լիտվայի օդային տարածություն, որը գրանցվել է ռադիոտեղորոշիչ միջոցներով, սպառնալիք է ստեղծել քաղաքացիական ավիացիայի և հասարակական անվտանգության համար։ Վիլնյուսի օդանավակայանի կանոնավոր աշխատանքի խախտումը նաև հանգեցրել է ֆինանսական կորուստների», – հայտարարել են Վիլնյուսում։
ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսին վերահսկել սեփական օդային տարածքը, ինչպես նաև պահանջել է խախտումների հետաքննություն անցկացնել և թույլ չտալ դրանց կրկնություն։ Վիլնյուսում դեսպանին նախազգուշացրել են, որ օդային տարածքը հետագայում ևս խախտելու դեպքում Լիտվայի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել ։
Ավելի վաղ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել էր, որ հանրապետությունն ամբողջությանբ կփակի Բելառուսի հետ սահմանը, եթե օդային տարածքի խախտումների հետ կապված միջադեպերը կրկնվեն։
Հոկտեմբերի 22-ի գիշերը Լիտվայի օդային տարածություն են անցել մի քանի տասնյակ օդերևութաբանական զոնդեր՝ մաքսանենգ ապրանքներով։ Դրա հետևանքով խախտվել է Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը, տուժել է 30 չվերթ և ավելի քան 4000 ուղևորի։ Լիտվա-բելառուսական սահմանի սահմանային անցակետերը ժամանակավորապես փակվել են։
Լիտվայի պետական սահմանապահ ծառայությունը չեզոքացրել է 12 օդերևութաբանական զոնդերը և ձերբակալել չորս անձի, որոնք կասկածվում են մաքսանենգության մեջ։