Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ենթադրաբար օգտագործվող նավը։ X-ում արված գրառման մեջ նա հայտնել է, որ նավը տեղափոխել է թմրանյութեր, որոնք պատկանում էին այն կազմակերպությանը, որն ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «միջազգային ջրերում տեղի ունեցած հարվածի ժամանակ նավի վրա եղել է երեք տղամարդ», որոնք բոլորն էլ զոհվել են։ Նախարարը հայտնել է, որ գործողության ընթացքում ԱՄՆ զինծառայողներ չեն տուժել։ «Նման հարվածները կշարունակվեն», – վստահեցրել է նա՝ հայտարարելով, որ ահաբեկչական կազմակերպությունները չեն խուսափելու արդարադատությունից։ «Մենք կգտնենք ու կսպանենք նրանց, քանի դեռ ամերիկյան ժողովրդի հանդեպ սպառնալիքը վերացված չէ»,- եզրափակել է Հեգսեթը։