ԱՄՆ վարչակազմը հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ և համաձայնության գալ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։
«Տեսեք, մենք հաջորդ շաբաթ բանակցություններ ենք վարելու Իրանի հետ, կարող ենք համաձայնագիր ստորագրել։ Ինձ համար միևնույն է՝ մենք համաձայնագիր ունենք իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, թե՞ ոչ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը», - ասել է ամերիկացի Թրամփը։
«Մենք կցանկանայինք խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած երկրի հետ, և ակնհայտ է, որ դա կախված կլինի Իրանի պատրաստակամությունից՝ ոչ միայն մասնակցելու խաղաղ բանակցություններին, այլև ուղղակիորեն բանակցելու Միացյալ Նահանգների հետ, և ոչ թե որևէ երրորդ կամ չորրորդ երկրի միջոցով», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նույնպես մասնակցել է մամուլի ասուլիսին։