Իրանն ստիպել է Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան և ընդունել պարտությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհուրդը:
«Մենք ստիպեցինք թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Մեր զինված ուժերը պատրաստ են վճռականորեն և ցավոտ կերպով արձագանքել թշնամու ցանկացած թշնամական գործողության»,- ասվում է Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, հայտնել է «Al Jazeera»-ն՝ նշելով, որ Թեհրանը չի վստահում թշնամիների հայտարարություններին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր ռազմական գործողության ավարտի մասին: «Բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր սիրելի երկիրը՝ մինչև արյան վերջին կաթիլը և որոնք մինչև վերջին րոպեն արձագանքել են թշնամու ցանկացած հարձակման»,- գրել էր Արաղչին:
Միևնույն ժամանակ, իրանական Press TV հեռուստաալիքը հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարի մեկնարկի մասին: Հայտարարության մեջ նշվում էր, որ այն ուժի մեջ է մտել Իսրայելի տարածքի վրա Իրանի չորս հարձակումներից հետո։
Իսրայելի կառավարությունը նույնպես իր հայտարարության մեջ հաստատել էր հրադադարը՝ նշելով, որ Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներն իրականացվել են: