ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում իշխանափոխություն լինի Իրանում, քանի որ չի ցանկանում «քաոս» տեսնել։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Երբ նրան խնդրել են պարզաբանել անցյալ շաբաթավերջին սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը, որում նա խոսում էր Իրանում իշխանափոխության հնարավորության մասին, Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Ոչ, ես դա չեմ ուզում։ Ես կցանկանայի տեսնել, որ իրավիճակը հնարավորինս արագ հանդարտվի»։
«Ռեժիմի փոփոխությունը քաոս է բերում, և իդեալական դեպքում մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել։ Գիտեք, իրանցիները շատ լավ առևտրականներ են, շատ լավ գործարարներ, և նրանք շատ նավթ ունեն։ Նրանց հետ ամեն ինչ կարգին պետք է լինի։ Նրանք պետք է կարողանան վերականգնվել և լավ աշխատանք կատարել։ Նրանք երբեք միջուկային էներգիա չեն ունենա, բայց մնացած հարցերում նրանք պետք է լավ աշխատանք կատարեն», - ասել է Թրամփը։