ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները։
Ըստ որոշման, որը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա, որը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ ուղղվել է ԵԱՀԿ գործող նախագահին, դադարեցվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի շրջանակներում քննարկվող հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվում է ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
Որոշմամբ նաև չեղյալ են հայտարարվում Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։