ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա վաղը Վաշինգտոնում: Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը:
Ըստ նրա՝ ՄԱԿ-ը միշտ աջակցել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց:
«Մասնավորապես, այդ առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Գլխավոր քարտուղար Գուտերեշը դրական է ընդունում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վաղն անցկացվելիք հանդիպումը»,- ընդգծել է Ֆարհան Հաքը: