Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշմանը։
«Այսինքն մենք ունենք ստանձնած պարտավորություն, այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և իհարկե կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները։ Կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։
ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:
Եթե դուք ուսումնասիրեք արբիտրաժի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի կատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։ Եվ այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Եթե թարգմանեմ պարզ լեզվով կասեմ հետևյալը, որ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի և ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։
Ես չեմ կարող ասել, դա կարող է հակասել կամ կհակասի կամ կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում, ընդամենը նպատակ է հետապնդել, խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր։
Դիտարկմանը, որ Ստոկհոլմի արբիտրաժը այդ նպատակը չի արձանագրել, Գալյանն արձագանքեց. «Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ։
Այ երբ որ միջազգային արբիտրաժը քննության կառնի X օր հետո, 30 օր հետո, ենթադրենք, արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակը»։
Նա նաեւ նկատեց. «ՀՀ–ն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում ոչ օրենսդրության, ոչ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում։
Կառավարությունում միշտ բոլոր հարցերի վերաբերյալ ռիսկերը քննարկվում են բազմակողմ և այն ռիսկերը, որոնք քննարկվել և գնահատվել են կապված ՀԷՑ–ի հետ, որակվել են որպես շատ բարձր և այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել այս որոշման կայացումը։
Ինքնավար մարմինը մեր պետության որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել։
Ինչ վերաբերում է միջազգային, միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը, իհարկե կառավարությունը կներկայացնի իր փաստարկները և կտեսնենք թե երբ միջազգային արբիտրը անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով, այո, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,– ընդգծեց Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ այս որոշումն ընդունվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիները խուսափեն սաբոտաժից, կոլապսից և ճգնաժամից։